Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դպրոցները»[1]։ Մոսկվայի «Հանդեսի» լույս տեսնելիք գրքի բովանդակության մեջ ակամա ուշադրությունս գրավեց քո և Մուրացանի անունը, ի՞նչ բան է դա, չգիտե՞ս։ Արդյոք ստացար «Неделя»-ի համարներն ու «Տուրիստի հիշողություններից» հոդվածդ, որ անցյալ նամակի հետ ուղարկեցի։ Միանգամայն աներկմիտ եղիր. Նոր Նախիջևանի թղթակցության մեջ թղթակիցը ինքն էր գրել քո ազգանվան սկզբնատառերը միայն, և ես կարծեցի, թե դու ես այդպես կամեցել, ապա թե ոչ ես ինքս իմ ձեռքով ամբողջ ազգանունդ կգրեի։ Ծատուրի ձայնը չի լսվում, ի՞նչ է անում արդյոք, նամակագրություն ունի՞ս նրա հետ։ Հա՜յ գիդի հա՜, կար ժամանակ երբ... և այլն։ Բարի գիշեր (ժամը 1-ն է գիշերվա), տպարանից նոր եմ վերադարձել, հոգնած եմ, բայց վաղը շաբաթ է, կարող եմ որքան քեֆս տա՝ քնեմ։

Քո Նար-Դոս

Մի-մին անգամ հիշիր ինձ, որ հիշես, ես էլ կհիշեմ քեզ։


88. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1896. հուլիսի 10. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Բենիկ վարդապետը պ. Սպանդարյանին քո մասին նամակ էր գրել «Նոր-Դարի» խմբագրությունը հանձդ առնելու վերաբերմամբ։ Պ. Սպանդարյանը լիովին համաձայնելով Բենիկի գրածին և արած առաջարկության, այդ մտքով մի պատասխան է գրել նրան և սպասում է քեզ։ Բայց դու չկաս, չես երևում. այդ բանն առիթ է տալիս կարծելու, թե մի գուցե Բենիկը ստացած չլինի պ. Սպանդարյանի նամակը կամ ինչ-ինչ պատճառներով դեռ քեզ գրած չլինի նրա նամակի բովանդակությունը։ Համենայն դեպս թե պ. Սպանդարյանը և թե մենք ամենքս սպասում ենք քեզ.— շտապիր, որովհետև քանի որ քո փոխխմբագրապետության իրավունքը ստացված է և դեռ օրինական ժամանակն անցած չէ, պետք է պաշտոնի մտնես, որպեսզի իրավունքը չկորչի, այլապես

  1. «Գրական դպրոցներ» հոդվածաշարը լույս է տեսել «Նոր-Դարում» 1896—97 թթ. «Վերածնություն», «Հումանիզմն և վերանորոգություն», «Սխոլաստիկա», «Ֆրանսիական կլասիցիզմ և ռոմանտիզմ» վերնագրերով։