Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

38. ՆԻԿՈՂԱՅՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

1900. հուլիսի 6․ Թիֆլիս.

Հարգելի պարոն Նիկողայոս Խաչատրյան.

Երեկ չէ, մեկել օր ես նամակ գրեցի Հով. Մալխասյանին և խնդրեցի, որ այդ նամակի բովանդակությունը հայտնի Ձեզ։ Այսօր էլ Ձեզ եմ գրում։ Բանն այն էր, որ տպարանատերը դատական պրիստավի միջոցով վեր գրեց 2,600 ռ. պարտքի փոխարեն խմբագրատան և Սպանդարյանի բնակարանի բոլոր կահկարասիքը և «Նոր-Դարի» հրատարակության իրավունքը։ Դատական պրիստավը «Кавказ»-ի այսօրվա համարի մեջ (№ 176) պաշտոնական հայտարարությունների բաժնում արդեն հայտարարել է, որ աճուրդը նշանակված է սույն հուլիսի 14-ին, առ․ ժամը 10-ին. միևնույն հայտարարության մեջ հիշված է, որ «Նոր-Դարի» հրատարակության իրավունքը գնահատված է 1,000 ռ.։ Արդ, հույս ունիմ, որ լիովին հասկանալի է, թե որքան նեղ դրության մեջ է Սպանդարյանը, որովհետև հանաք բան չէ, մի կլյաուզնիկի պատճառով այսքան տարվա գործը պիտի ոչնչանա, և կոչնչանա անպատճառ, եթե մինչև հուլիսի 14-ը, առ. մամը 10-ը մի տեղից օգնություն չլինի։ Սպանդարյանին այժմ հարկավոր է 2,600 ռ., որ գործը թափի, այդ գումարը նա պարտատիրոջ ձեռքը չի հանձնիլ, կտա կազնաչեյստվոն իբրև գրավական, որովհետև գործը պետք է ուղարկի սենատ, իսկ սենատն անպատճառ կքանդի դատական պալատի վճիռը։ Այստեղ պետք է երևա Ձեր բարեկամությունը, մարդ ճարեցեք, որ իսկույն տա 2,600 ռ.։ Սպանդարյանը պատրաստ է այդ գումարի համար գրավ տալ յուր թերթը։ Մտածեցեք, որ գործը խիստ ստիպողական է, օրենքի հետ հանաք անել չի կարելի. չի կարելի ասել, թե այսօր չեղավ, վաղը կանենք. ամեն մի ժամը թանկ է, մինչև հուլիսի 14-ը թերթը փրկված պիտի լինի, այլապես այլևս «Նոր-Դար» չի լինիլ, մնաս բարով «Նոր-Դար»...

Կրկնում եմ, մտածեցեք այս մասին, խոսեցեք թերթի բարեկամների հետ և ճարեցեք 2,600 ռ․։ Ուզում եք մարդ էլ