Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո, որ այս օրերս Շուշուց «Մետրոպոլ» հյուրանոցի տեր Արսեն Միրզոյանից մի նամակ է ստացել, որի մեջ վերջինս նրանից, Սպանդարյանից, 9 ռուբլի է պահանջում Բելիզարի՝ յուր հյուրանոցում ապրած լինելուն համար, մինչդեռ, ասում է Սպանդարյանը, քո Թիֆլիս եկած միջոցին Բելիզարի ծախքերի բոլոր հաշիվները փակել ես իրեն, Սպանդարյանի հետ։ Արդ, հարցնում է Սպանդարյանը, սա ի՞նչ 9 ռուբլու հաշիվ է։ Այս հարցի պատասխանն արդեն իրեն կարող ես գրել, ինձ չի վերաբերում։

Թերթը դադարել է առժամանակ, և ես ուրախ եմ այդ բանի համար, որովհետև մի քիչ ազատ շունչ եմ քաշում։ Չմոռանամ ցավոք սրտի հայտնելու քեզ, որ ես փոխ-խմբագիր եմ հաստատված։ Ազատ ժամանակիցս օգուտ քաղելով, ուզում էի մի-երկու օրով հյուր գալ քեզ մոտ, բայց... Համենայն դեպս, գրիր ինձ առաջին իսկ փոստով, թե հարմարություն ունի՞ս արդյոք ինձ քեզ մոտ ընդունելու, որովհետև, ո՞վ գիտե, թերևս մեկ էլ տեսար՝ եկա։ Ի դեպ՝ վատ չի լինիլ, որ այն էլ գրես, թե «Սպանված աղավնու» բանն ի՞նչ եղավ, հրատարակո՞ւմ են, թե ոչ։ «Մեծ գործս» վերջացնում եմ, տղա ես, փող գտիր հրատարակելու համար։

Այստեղ եղանակները ցարդ անցնում են ամառանոցների պես — հով ու զով, բայց վերջն է գովելի։

Քո Նար-Դոս


1901

40. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

<1901>. սեպտեմբերի 13. Թիֆլիս․

Սիրելիդ իմ Մալխաս.

Այս օրերս Ներսես քահ. Կարապետյանից մի նամակ ստացա, որով հայտնում է ինձ, թե «Մեծ գործի սկզբումս վեպիս հրատարակության համար յուր խոստացած գումարի առաքումը թեև ձգձգվում է ինչ-որ ժառանգական խոչընդոտների պատճառով, բայց հույս ունի մինչև այս ամսի վերջն