Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

120,000 ռ. դրամագլուխ, նա հարկավ պիտի կարողանա թերթն ըստ ամենայնի պարբերական մի կանոնավոր և ուժեղ հրատարակչություն դարձնելու, որոշ ռոճիկներ տալով յուր բոլոր աշխատակիցներին և թղթակիցներին։ Սակայն այդ դեռ ապագայի և մոտիկ ապագայի խնդիր է. հույս կա, որ ընկերությունը գործել սկսե հունվարից։ Սակայն մինչև հունվար հարկավոր է թերթի գործը շատ լավ առաջ տանեք ընկերության ապագա ձեռնարկության աջողության համար։ Այս բանի համար անհրաժեշտ է թերթի բարեկամ-աշխատակիցների աջակցությունը։

Իբրև այդպիսի մի բարեկամ-աշխատակցի, դիմում եմ Ձեզ, խնդրելով, որ շարունակեք Ձեր «Գրողի նկատողությունները»։ Շատ ցանկալի էր, որ դուք պարբերաբար ծանոթացնեք «Նոր-Դարի» ընթերցողներին ռուսաց մտավոր-հասարակական կյանքի հետ։ Առանձնապես հետաքրքրելի կլիներ տեղվույդ թատերական կյանքը (նոր պիեսների մասին ռեցենզիաները)։

Եթե դուք չխնայեիք Ձեր սիրալիր աջակցությունը մեզ ամենիս սիրելի գործին, ապագայում վարձատրվելու հույսով, մենք պատրաստ էինք ուղարկելու Ձեզ հարկավոր վկայականը, որով Դուք ձրի մուտք կունենաք բոլոր թատրոններում և հասարակական տեղերում։

Պատասխանեցեք, խնդրում ենք, կարելույն չափ փութով։

Ի դիմաց «Նոր-Դարի» խմբագրության՝

Ձեր խոնարհ ծառա Նար-Դոս


45. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1901. նոյեմբերի 1. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Մինչև եկող հինգշաբթի (նոյեմբ. 8) «Մեծ գործի սկզբում» վեպս հետ կստանամ ցենզուրական կոմիտետից թույլատրած, այնպես որ այդ կողմից երկյուղս փարատված լինելով, այժմ սպասում եմ հայր Ներսեսի խոստացած փողին, որպեսզի վեպս իսկույն հանձնեմ տպարանին։ Իսկ այդ փողը մինչև այժմ չկա, չլինի՞ թե իսկի էլ չի լինելու, և ձեռագիրս