Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնել «Նոր-Դարի» խմբագրության մեջ աշխատակցի պաշտոն ամսական 60 ռուբլի ռոճիկով։ Եթե համաձայն ես վեր կաց և արի. կամ գալուց առաջ, եթե որևէ առարկություն ունիս, գրիր իսկույն:

<Նար-Դոս>


1902
<49. ԳՅԱՆՋԵՑՅԱՆԻՆ, ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ>
<1902>.

Մեծարելի պարոններ.

Շտապում եմ պատասխանել Ձեր հունիս 14 թվակիր նամակին։ Կարող եք ազատորեն հրատարակել ցարդ «Նոր-Դարի» մեջ հրատարակված իմ մանրիկ պատկերները։ Ցանկանալով Ձեր նպատակին իմ օվսանն ևս նպաստած լինել, ես ընդունում եմ Ձեր առաջարկած բոլոր պայմանները[1] (երրորդ պայմանի մեջ ընդունում եմ առաջին կետը — կանխիկ դրամ փոխանակ գրքերի, որով չեք զլանալ, անշուշտ մի 20 օրինակ էլ գիրք տալու ինձ բարեկամներիս նվեր տալու համար)։ Ինչ վերաբերում է անտիպ վիպակներիս, այդպիսի անտիպ բան ես չունիմ այժմ, բացի մի մեծ վեպից, որը մտադիր եմ ինքս հրատարակել։ Իսկ եթե կկամենայիք արդեն հրատարակված վիպակներիցս հրատարակել, ես կարող էի Ձեզ առաջարկել «Տանտիրոջս աղջիկը», որը տպագրված է «Նոր-Դարում» 1897 թվականին և մոտավորապես «Սպանված աղավնու» չափ է։ Ընդսմին ես կկամենայի առաջարկել ձեզ իմ միակ պայմանը — ա՛յն, որ վերջին սրբագրությունն ինձ ուղարկվի։

Եթե կամենաք նախ հրատարակել պատկերներս, դրա համար հարկավոր կգա որոշ ժամանակ, որովհետև այն թերթերը, որոնց մեջ հրատարակված են այդ պատկերները, ձեռքիս տակ չկան և ստիպված պիտի լինիմ արտագրելու խմբագրատան մեջ եղած տարեկան գրքերից։ Իսկ եթե կամենաք

  1. Նար-Դոսի մանր երկերը տպագրելու համար Բաքվի հրատարակչական ընկերությունը 1902 թ. հունիսի 14-ի գրությամբ իր պայմաններն է առաջարկում հեղինակին, վերջինս էլ առաջադրում է իր պահանջները. խոսքն այդ մասին է։