Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահը, ուստի այժմ միայն կարող եմ հայտնել քեզ իմ անկեղծ ցավակցությունը։ Մի զարմանար այս բանի վրա. Սպանդարյանի և նրա հետ միասին «Նոր-Դարի» գլխին պատահած աղետն այն աստիճան դուրս է շպրտել ինձ իմ սովորական շավղից, որ չեմ իմանում, թե ինչ է կատարվում աշխարհիս երեսին, ինչ է պատահում իմ սիրելի բարեկամներին։ Թիֆլիսում իմ քթի տակ, մանկական մի ընկեր ունիմ, որին շատ բանով եմ պարտական և որին սիրում եմ. բանից երևում է, որ նա երեք ամսից ի վեր ծանր հիվանդ է և ես նոր եմ իմանում այդ։ Շատ ծանր ժամանակներ են եկել և անտանելի դառնություն թողել սրտիս վրա։ Օճորքի տակ երկար տարիներից ի վեր խաղաղ պատսպարված ծիծեռնակների բույնը մի չար ձեռքով քարուքանդ է արված, և խղճուկները ցան ու ցրիվ եկած՝ չեն իմանում ուր հանգստացնեն իրենց խոնջացած մարմինը...

Խնդրում եմ, սիրելի ընկեր, կրկին անգամ ընդունիր իմ անկեղծ ցավակցությունը։

Ջերմորեն սեղմում եմ ձեռքդ։
Քո Նար-Դոս


56. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1904. հուլիսի 2. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Ընդունելով, որ այժմ վերադարձած պիտի լինիս Ռոստով, գրում եմ նամակս։

Ամենից առաջ Չուբարի պիեսի մասին։ Ինչպես երևում է, վերջին նամակդ գրած միջոցին Չուբարին և քեզ հայտնի չի եղել, որ գրաքննիչն արդեն թույլ էր տվել այդ պիեսը և հանձնել էր դերասան Արմենյանին հեղինակին վերադարձնելու համար։ Չգիտեմ, Արմենյանը վերադարձե՞լ է, թե ոչ։ Նա այստեղ էր անցյալները, բայց չկարողացա տեսնել։

Ուրախ եմ, որ Մինասն ուզում է մանր պատկերներս հրատարակել, բայց մինչև այժմ նամակ չեմ ստացել նրանից։