Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանր պատկերներիցս մեկի («Նորածին մանուկը») առաջին հրապարակությունը ծախեցի քսան ռուբլով, և գրքույկն այս օրերս լույս է տեսել Էջմիածնում, սակայն դեռ չեմ ստացել։ Մինասի հրատարակության գործը մի քիչ դժվարության մեջ պիտի ձգի ինձ, որովհետև պատկերներիս ժողովածուն կազմելու համար ստիպված պիտի լինիմ մի առ մի արտագրել «Նոր-Դարից», որ բավական ժամանակ կխլի, իսկ ես այժմ զբաղված եմ իմ «Մեծ գործովը», որը, ինչ էլ որ լինի, պետք է հրատարակեմ այս տարի անպատճառ։ Երկրորդ մասն արդեն վերջացնելու վրա եմ, մնում է երրորդ մասը։ Բավական փոփոխություններ եմ մտցնում, երկրորդ մասի վերջին երեք գլուխը դեն եմ ձգում։

Մոսկվայից շատ վատ տեղեկություն ստացա, Մանուշը կաթվածահար է եղել և պառկած է հոր մոտ։ Ես մեծ հույս ունեի, որ նա շատ բան կշինի թերթը վերստին հրատարակելու գործում։ Սակայն Սպանդարյանը գրում է ինձ, որ նա քիչ-քիչ լավանում է. տա աստված։ Իսկ թերթի համար, ինչպես երևում է, դեռևս ոչինչ չի արված։

Իմ այդտեղ գալու կամ ուրիշ տեղ գնալու մասին երազել անգամ չեմ կարող, որովհետև տնից փողոց դուրս գալու համար անգամ փող է հարկավոր, ուր մնաց երկար ճանապարհորդության համար։

«Բազմավեպիս վերջին (հուլիս) տետրակում Լեոն բարեհաճել է յուր «Ռուսահայ գրականության» մեջ գովաբանել իմ «Աննա Սարոյանը» և «Տանտիրոջս աղջիկը», մյուս գրվածքներիս մասին ոչ մի խոսք։

Այս րոպեիս այնպիսի զով եղանակ է այստեղ, որ ստիպված եմ տաք շորս հագնել նամակս պոստը տանելու համար։

Գրիր. ինձնից նամակ միշտ կստանաս։

Շատ բարևներով
Քո Նար-Դոս

Հ. Գ. — Ինչո՞ւ պիեսդ չես ուղարկում Թիֆլիս, տիկին Մակարյանի մրցանակաբաշխության։ Համենայն դեպս, ուղարկում եմ քեզ այդ մրցանակի պայմանները։