Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
57. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1904. օգոստոսի 19. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Կարծեմ, կարող եմ շնորհավորել քեզ բարձրագույն մանիֆեստի XXIX կետի 7-րդ հոդվածի հիման վրա։ Սակայն, մի քիչ կասկած է հարուցանում նույն կետի 8-րդ հոդվածը։ Արդյոք այս մասին որևէ դիմում արե՞լ ես և իմացձ՞լ ես որևէ բան. խնդրեմ գրիր։

Երեկ վերջացրի «Մեծ գործս» և այժմ խիստ տատանման մեջ եմ՝ հանձնե՞մ գրաքննիչին, թե ոչ։ Թույլտվություն ստանալու մասին տարակույս չունիմ, կասկածս տպագրության մասին է միայն։ Ամենաչափավոր հաշվով, տպագրությունը նստելու է 600 ռուբլուց ավելի, որի հազիվ կեսը միայն կարող եմ հոգալ, մնացած կեսի համար ի՞նչ անեմ։ Բերբերյանը լռում է, որից ես եզրակացնում եմ, որ չի ուզում այս գործում նպաստած լինել ինձ, ուստի հատուկ խնդրում եմ այս մասին այլևս ոչինչ մի ասիլ նրան։

Մանիֆեստի հիշյալ հոդվածն անշուշտ վերաբերում է և Սպանդարյանին, տեսնենք ինչ կլինի։ Առայժմ նրա և թերթի վիճակը, որքան ես գիտեմ, մնում է նույնը։ Խիստ աղետալի է նրա ընտանիքի դրությունն այստեղ։ Մանուշը բավական առողջացել է։ Անցյալ օր մոտն էի. ասաց, որ ստիպված է եղել բժշկությունը դադարեցնել, որովհետև դեղի փող չունի։

Զարմանալի է, որ Արմենյանը Չուբարին չի հայտնել պիեսի թույլտվության մասին։ Իսկ քո պիեսն երևի արդեն ուղարկած կլինես։

Վերջին շաբաթներս անտանելի շոգեր են անում, տնից դուրս գալ չի լինում, նստած տեղս ջուր եմ կտրվում։

Բարևներ մերոնց կողմից
Քո Նար-Դոս