Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

62. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1904. նոյեմբերի 18. Թիֆլիս.

«Տարազի» հասցեով ուղարկած երկրորդ նամակդ էլ ստացա։ Անցյալ օր տեսա Արմենյանին, ասաց, թե պիեսի երկու օրինակներն էլ յուր մոտ են, թե գրաքննիչը խորհուրդ է տվել սպասել, մինչև որ հանգամանքները փոխվեն։ Ավելացրեց, որ այս մասին մանրամասնորեն գրել է Չուբարին, և զարմանում է, որ նա չի ստացել յուր նամակը։ Ասաց նույնպես, որ շուտով նորից տեսնվելու է գրաքննիչի հետ։

Թուղթը վերջապես ուղարկված է Պետերբուրգ. այսօր-էգուց սպասում եմ հեռագրի՝ գործի ձեռնարկելու համար։ Սկսվելու են նորից հարատև տանջանքների օրերը։ Առայժմ կոպեկ չկա։ Համենայն դեպս թերթը լույս կտեսնի ամսիս վերջերին կամ դեկտ. սկզբներին գեթ մի համար, կանոնավորապես կհրատարակվի հավանորեն մի քիչ ուշ։ Մինասի այստեղ եղած ժամանակ գրքիցս, յուր առաջարկությամբ, թողել էի հյուրանոցի դռնապանի մոտ 10 օրինակ։ Ստացե՞լ է արդյոք։

<Նար-Դոս>


63. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1904. դեկտեմբերի 12. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Փափախների մասին հարցրի. պատրաստի կան, հատը ոչ պակաս քան մի ռուբլի, այն էլ հազիվ թե մի ռուբլով տան։ Ուրեմն փոխադրիր համենայն դեպս մի 15 ռուբլի, ավելցուկը, եթե լինի, չի կորչիլ, մի վախենալ, ուղարկելու համար էլ պիտի վճարել, չէ՞։ Ավելի լավ կլինի ուղարկել պոստով, իբրև посылка, ավելի շուտ կհասնի։— Պետերբուրգում ես մերժվեցա, որի համա ուրախ եմ, որովհետև դարդ ու բալից զատ ուրիշ ոչ մի օգուտ չպիտի ունենայի։