Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիմեոնովնայի հետ դեռևս մեծ համարում ունի յուր թերթի վրա և շարունակում է իրեն «Հայոց ազգի խմբագիր» անվանել, բայց չի ուզում տեսնել, որ կանգնած է անխուսափելի օրհասի դռանը։ Խմբագրատան մեջ ներկայումս աշխատում ենք երեք հոգի՝ ես, Մինաս Առաքելյանը և Մկրտիչ Բարխուդարյանը։ Մինասն արդեն թողնում է պաշտոնը մարտի 1-ից, Բարխուդարյանն ասում է, որ ինքն էլ հեռանալու է, իսկ ես առաջվա «իշի մարտիրոսությունը» քաշելու ոչ ախորժակ ունիմ այլևս, ոչ էլ կարողություն։ Դեկտեմբերյան գործադուլից հետո ես արդեն միանգամայն թողել էի պաշտոնս և խմբագրատուն չէի գնում, բայց Սպանդարյանն եկավ ինձ մոտ, սկսեց յուր երկար ու բարակ ավետարանը, թե գործն ընկերական հիմունքների վրա է դնում, թե այսինչն ու այնինչը խոստացել են օգնել, թե ամեն բան լավ կգնա, թե չպետք է հուսահատվեմ, թե մյուսներն էլ ինձ են նայում և այլն, և այլն։ «Լավ, ասացի, կաշխատեմ մի երկու ամիս էլ, որպեսզի իմ պատճառով գործը չքանդվի»։ Դա հունվարի սկիզբն էր։ Բայց ահա անցավ երկու ամիս, և էլի էն ջուրը, էլի էն ջրաղացը, թերևս ավելի հնացած ու փտած։ Մի խոսքով՝ կործանումն անխուսափելի է, եթե մի որևէ հրաշք չպատահի։ Թերթը վերստին սկսեց հրատարակվել անցյալ տարվա օգոստոսից, ուրեմն մինչև այժմ անցել է յոթն ամիս․ այս յոթն ամսվա ընթացքում ես ստացել եմ ընդամենը 150 ռ.։ Հրաշալի է, չէ՞։ Էլ չեմ խոսում այն մասին, որ անցյալից ստանալիք ունիմ մոտ 1000 ռ., որի վրա, իհարկե, խաչ եմ քաշել։

Չնայելով, որ թերթը, երևի մարտից, դադարելու է (քանի որ ոչ ես կլինիմ, ոչ էլ Առաքելյանը, բնականաբար կդադարի, որովհետև ո՞վ է գժվել, բացի մեզնից, ձրի կերպով աշխատել), այնուամենայնիվ, «Բախտախնդիրներդ» ուղարկիր։ Եթե հրաշքը կպատահի, և թերթի հրատարակությունը կշարունակվի, խո կտպենք, իսկ եթե ոչ՝ զատկին գալուս կբերեմ ինձ հետ։

Հա՛, լավ միտս եկավ, ինձ ուղարկել ես Խաժակի մի ինչ-որ թատերական թարգմանությունը. հիշում եմ, որ աշունքին այստեղ եղած ժամանակ ասել էիր, որ ում-որ հանձնեմ, բայց մոռացել եմ, թե ում, և մինչև այժմ այդ թարգմանությունն