Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին դեպքում ես պատրաստ եմ իմ ծառայությունը դնելու Ձեր տրամադրության տակ դարձյալ այնքան ժամանակ, մինչև որ դուրս գամ իմ պարտքիցս]։

Ձեզ միշտ բարյացակամ և Ձեր խոնարհ ծառա։

Նար-Դոս


60. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1906. մայիս 14. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Կարդացի և ետ եմ ուղարկում իմ մի-երկու նկատողություններով։ Սիրուն բան է, միայն, իմ կարծիքով, պետք կա լեզուն մաքրելու։ Ես դարձյալ տարակուսում եմ գավառաբարբառները գեղարվեստական գրվածքների մեջ գործածելու մասին, կարելի է գրել հասարակ լեզվով, բայց ոչ զուտ գավառաբարբառով, որ որոշ գավառից դուրս անհասկանալի պիտի լինի և տգեղ։

Այդ խմբագրական ժողովն էլ նոր բա՞ն է, առանց որի կամքի դու ոչինչ չես կարող անել։ Եթե Ավետիսն ու Վարդանը քո բացակայության ժամանակ մի որևէ հակակառավարչական բան տպեն, պատասխանատուն ո՞վ պիտի լինի— դո՞ւ, թե նրանք։ Չէ՞ որ նրանք կարող են այդպիսի բան անել պարզապես խամությունից, ակամա։ Լավ մտածիր այս մասին և այնու թերթդ հանձնիր նրանց։

Ես էլ շատ բան ունիմ գրելու, բայց չեմ գրում սպասելով քո գալուն։

Շատ շնորհակալություններ մերոնց կողմից բարևներիդ համար։

Քո Նար-Դոս