Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քեզ մոտ գալուս մտադրությունը դեռ չեմ թողել, տեսնենք ինչպես կլինի։

Քո Նար-Դոս


72. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1906. հոկտեմբերի 26. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Եկա և, փառք աստծո, մերոնց բոլորին ողջ ու առողջ գտա և գործերն էլ աջող։ Մեր հարսն ասաց, որ իմ անունով նամակներ է ուղարկել (երկուսը), որոնցից մեկն, ինչպես երևում է, կորած պիտի լինի, այլապես պիտի ստանայի այդտեղ եղածս ժամանակ, բայց չեմ ստացել, իսկ մյուսը, եթե նույնպես չի կորել, կստանայիր իմ մեկնելուց մի կամ երկու օր հետո։

Գալուս պես ձեռնարկեցի «Սպանված աղավնին» պիեսի[1] վերածելու գործին, որին կպել եմ մեծ եռանդով, այնպես որ տանից դուրս չեմ գալիս։ Արդեն երկրորդ գործողությունը վերջացնելու վրա եմ։ Երևի եկող շաբթին կվերջացնեմ ամբողջ պիեսը (4 գործողություն)։ Վերջացնելուց հետո կտամ ցենզուրին և ներկայացման իրավունքը ստացած՝ կուղարկեմ քեզ։ Դեկտեմբերին կամ հունվարին կարող եք խաղալ, և հույս ունիմ, որ առանց վարձատրության չեք թողնիլ ինձ։ Քո <հիվանդանոցն> էլ երևի, արդեն վերջացրել ես։

Շատ և շատ բարևներ օրիորդին, հորը և Լուսեղենին։

Կինդ եկավ և հարցրեց քո մասին։ Գանգատվում էր, որ նամակ չես գրում։

Բարևներ մերոնց կողմից։

Քո Նար-Դոս
  1. Նար-Դոսի Նախիջևան գտնվելու օրերին, 1906 թ. հոկտեմբերին, Գր. Չուբարը խորհուրդ է տվել «Սպանված աղավնին» դրամայի վերածել։ Վերադառնալով Թիֆլիս, Նար-Դոսը 16 օրվա ընթացքում կատարում է պատվերը, ավարտում պիեսը և ուղարկում Նախիջևան բեմադրելու։ Հովհ. Մալխասյանը «Մեր ձայնը» թերթում գրում է դրական գրախոսական։