Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

78. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1906. նոյեմբերի 16. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Նամակդ ստացա այսօր։

«Սպանված աղավնին» վերջացրի նոյեմբերի 7-ին։ Սկսել եմ հոկտեմբերի 22-ին (հենց նույն օրը, երբ վերադարձա Նոր Նախիջևանից), ուրեմն ամբողջ պիեսը (տետրակի 65 թերթ կամ 130 երես) գրել եմ ընդամենը 16 օրում։ Զարմանալի աջող բան է դուրս եկել, միանգամայն անսպասելի ինձ համար։ Շատ շնորհակալ եմ Չուբարից, որ ուշադրությունս դարձրեց վիպակիս վրա և խորհուրդ տվեց պիեսի վերածելու այն։ Կրկնում եմ, այնքան աջող բան է դուրս եկել, որ վիպակը ոչինչ է նրա մոտ։ Միայն թե դերասաններ են հարկավոր, կարողանան խաղալ. իսկ մեր դերասանների մասին որ մտածում եմ — հուսահատվում եմ։ Շատ ռելեֆ կերպով դուրս են եկել մանավանդ Թուսյանի և Սառայի տիպերը: Թուսյանի տիպը չափված և ձևված է Չուբարի ընդունակությունների համար, և լավ կլինի, որ այդ դերը նա խաղա։ Իսկ Սառայի դերի համար (դրամատիկական շատ զորեղ դեր) դուք, իհարկե, դերասանուհի չունիք այդտեղ և ստիպված կլինիք գոհանալ եղածով — Ադամյանով կամ Խիթարյանով, առավելապես վերջինով։ Պիեսի մեջ, վիպակի հետ համեմատած, ահագին փոփոխություններ եմ մտցրել, այնպես որ գրեթե նոր բան է դուրս եկել։ Այժմ զբաղված եմ ցենզուրական երկու օրինակը արտագրելով. մի օրինակն արդեն վերջացրի այսօր, մյուսն երևի պատրաստ կլինի մի շաբաթից հետո, այնուհետև կներկայացնեմ ցենզորին և կպատրաստեմ երրորդ օրինակը, ներկայացման թույլտվությունը ստանալուս պես կուղարկեմ քեզ, որ այդտեղ խաղաք, միևնույն ժամանակ կներկայացնեմ և այստեղի դրամատիկական ընկերությանը։ Ընդսմին խնդրում եմ, որ չմոռանաս վարձատրությանս խնդիրը և խոսիր այս մասին Չուբարի հետ։ Գիտես, որ անպաշտոն եմ և փողի կարիք ունիմ... Հանգամանքներին նայած՝ ներկայացմանը թերևս գամ Նախիջևան։