Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործից, ուրիշ բանի պատրաստություն չունիմ դժբախտաբար, այնպես որ ինչքան էլ որ հոգնած և զզված լինիմ այդ գործից, այնուամենայնիվ, ստիպված պիտի լինիմ խրվելու դարձյալ այդ գործի մեջ։ Բայց վեր կենալ թողնել Թիֆլիսի պես մի կենտրոն տեղ և գալ նստել Նախիջևան մի որևէ 60 ռուբլու համար — ոչ մի հաշիվ չէ ինձ համար։ Այդ բանը կարող եմ անել միայն ծայրահեղ դեպքում, երբ ապրուստի միջոց չունենամ այստեղ. իսկ ես, ինչպես գիտես, այդ կողմից ոչ մի կարոտություն չեմ քաշում մեր տանը։ Ինձ միայն փող է հարկավոր երկերիս հրատարակության համար, իսկ Ձեր 60 ռ. միայն ապրուստիս հերիք կգա, էլ գրվածքներս հրատարակելու համար ի՞նչ ետ ձգեմ։ Եթե լուրջ կերպով ուզենայի և աշխատեի, վաղուց արդեն կարող էի այդքան ռոճիկով պաշտոն ճարել այստեղ հենց թեկուզ «Մշակի» խմբագրատան մեջ. բայց թե չեմ ուզել և թե չեմ աշխատել։ Թիֆլիսում, ինչպես կարդացած կլինիս լրագրներում, հիմնվել է հայ դեմոկրատիկ կուսակցություն, որն յուր օրգանն է ունենալու «Ժողովուրդ» անունով։ Թերթի խմբագիր արդեն հաստատված է Սամսոն Հարությունյան։ Այս օրերս Հարությունյանը հրավիրել էր ինձ յուր մոտ և աոաջարկեց թերթի քարտուղարի պաշտոնը։ Համաձայնություն հայտնեցի, իհարկե, բայց մանրամասնությունների (օրինակ` ռոճիկի) մասին չխոսեցինք, որովհետև դեռևս չի որոշված թերթը հրատարակվելու է շաբաթը մի՞ անգամ, օրամե՞ջ, թե ամեն օր և մեկ էլ թե թերթի հրատարակությունը երբ պետք է սկսել։

Այսպես ուրեմն, եթե ես նորից թաղվեմ լրագրական գործի մեջ, այդ կլինի, երևի, «Ժողովուրդը», բայց ոչ — չնեղանաս խնդրեմ — «XX-դարը»[1]. համենայն դեպս` այդ կլինի Թիֆլիսում, բայց ոչ Թիֆլիսից դուրս։ Իսկ քեզ խորհուրդ եմ տալիս լավ կշռադատել սկսելիք գործիդ մասին, չլինի թե մի քանի ամիս հրատարակես թերթը և վերջը ստիպված լինիս դադարեցնել։ Լրագիր հրատարակելու գործը ներկայումս չափազանց խախուտ մի բան է դարձել և խիստ վեր է անհատական ուժերից, մանավանդ որ քո լրագրի հրատարակությունը հիմնված է լինելու ուրիշների լոկ խոստումների վրա։ Մինչև որ խոստումներ անող այդ պարոնները թերթի գոնե մի տարվա ծախսը լիովին և շոշափելի կերպով ձեռքդ չտան,

  1. Հովհ. Մալխասյանը իրավունք է ստանում Նախիջևանում հրատարակել «XX դար» անունով պարբերականը։ Առաջին №-ը լույս տեսնելուց հետո, վերնագիրը փոխվում է «Մեր ձայնի», որը հրատարակվում է 1907 թ. հունիսի 10-ից մինչև 1909 թիվը։