Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ժամանակ կղրկեմ ձեզ։ Ներկայումս զբաղված եմ մի նոր պիես գրելով։ «Հայելու»[1] մեջ տեսա՞ր քո պատկերը «XX-դարը» ձեռքիդ։ Բարևներ։

Քո Նար-Դոս


76. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ

1907. մայիսի 10. Թիֆլիս․

Շատ հարգելի պարոն Բարխուդարյան.

Ձեր նամակը ստացել եմ և չափազանց դժվարանում եմ խորհուրդ տալ, որ Թիֆլիսի գրաշարներից որևէ մեկին կանչեք Մոսկվա, որովհետև չեմ կարծում, թե տպագրական պայմանները որևէ տեղ այնքան դժվարացած լինին, որքան Թիֆլիսում շնորհիվ գրաշարների։

Մեկը միայն կա՝ ոչ ի պաշտոնե գրաշար, բայց տպագրական գործին լավ ծանոթ և ազատ ժամերին գրաշարությամբ պարապած, ըստ ամենայնի բարեխիղճ և վստահելի, և դրան միայն կարող եմ առաջարկել Ձեզ։ Դուք նրան ճանաչում եք. դա Հայկազն է, «Նոր-Դարի» սրբագրիչը։ Իբրև գրաշարի նրան պակասում է մի բան միայն — վարժություն․ բայց որովհետև նա ինտելիգենտ տղա է, շատ ժամանակ հարկավոր չէ, որ նա այդ վարժությունն էլ ձեռք բերի։ Նա թուրքերեն (արաբերեն) գրում կարդում էլ է, հարկավոր դեպքում կարող է շարել էլ՝ կասսաների հետ որ ծանոթանա։ Ինքն էլ մեն-մենակ տղա է, ոչ ոքի և ոչինչի հետ կապված չէ։ Այս օրերս խոսեցի նրա հետ Ձեր առաջարկության մասին, և նա սկզբունքով համաձայն է գալ Մոսկվա, եթե միայն յուր պայմաններն ընդունելի լինին Ձեզ համար։ Նա անձամբ կգրի Ձեզ յուր պայմանները։

Առաքելյանը Բաքու է և, կարծեմ, մինչև այժմ պարապ։ Սպանդարյանը շրջում է Թիֆլիսի փողոցները և, ասում են, շարունակ երգում է յուր հին երգը փողի մասին։ Ես նրա հետ կտրել եմ բոլոր հարաբերություններս։

  1. «Հայելի» երգիծաբանական շաբաթաթերթի 1906 թ. № 8-ում նկարված է Հովհ. Մալխասյանն իր «XX դար» լրագիրը ձեռքին, հետևյալ մակագրությամբ՝ «Նոր-Դարը» դադարեց, բայց «XX դարը» նոր է ծնվում, ուստի զգուշացեք, վտանգը մոտենում է»։