Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

78. ԳԱՐԵԳԻՆ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ

[1907]

Շատ հարգելի պարոն Գարեգին Ենգիբարյան.

Ես շատ էի ուզում տեսնել Ձեզ Թիֆլիսում՝ խոսելու համար գրվածքներիցս որևէ մեկը «Կուլտուրական Միության» միջոցներով հրատարակելու մասին, և ո՛րքան ցավեցի, երբ իմացա Տ. Նազարյանից, որ անցյալները դուք եղել եք այստեղ և շուտով էլ վերադարձել Բաքու...

<Նար-Դոս>


79. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1907. հոկտեմբերի 8. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Ճիշտ է: Առայժմ բավականացիր այս մի բառով։ Բախտավոր կլինեմ, թե անբախտ — այդ աստված միայն գիտե... կգաս կխոսեմ մանրամասնաբար։ Գալով լրագրին, ես զարմանում եմ, որ ինձ վրա այդքան մեծ հույսեր ես դրել։ Սակայն այս մասին ևս կխոսենք։ Ոչինչ չգրեցի, որովհետև իմացա, որ գալու ես, և սպասում էի քեզ։ Եթե գալիս մտնելու լինիս Բաքու, խնդրում եմ աշխատիր տեսնել Գար.<եգին> Ենգիբարյանին (չգիտեմ, ծանոթ ես, թե ոչ). Մեծ վեպս ղրկել եմ նրան «Կուլտ. ընկ.» միջոցներով հրատարակելու համար[1], տես ինչ է ասում։ Կարող ես տեսնել և Գեղամյան հորը։

Քո Նար-Դոս
  1. Բաքվի Կուլտուրական միությունը հիմնվել է 1864 թ., միության հայկական ճյուղը 1908 թ. հունվարի 12-ի դրությամբ դիմում է Նար-Դոսին և ցանկություն հայտնում որևէ գործ տպագրելու, վերջինս նախընտրում է հանձնել «Մահը» վեպը։ Միությունն առաջարկում է բարեփոխումներ կատարել, հետո ուղարկել, 1908 թ. ապրիլի 9-ի դրությունով հաղորդում են. «Ձեր բարեփոխված վեպը ստացվելուց հետո խմբագրական հանձնաժողովը նորից կքննի և կներկայացնի իր վերջնական որոշումը տպագրելու կամ չտպագրելու մասին, որը և անմիջապես պատիվ կունենա հայտնելու ձեզ»։ Հետագայում Նար-Դոսին մերժում են և վեպը չեն տպագրում, այն տպագրվում է 1912 թ. Թիֆլիսում։