Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ պատասխանին։ Անանի հետ խոսեցի՞ր։ Իմացիր իսկապես երբ է լինելու պիեսիս ներկայացումը, որ այստեղից գրեմ լոժայի տոմսակ տան։ Դիմիր Ջաբարին — Գանովսկայա փողոց Դրամատիկական Ընկերության գրասենյակ։ Նույն գրասենյակում կտեսնես դերասան Միրզոյանին և կիմանաս արդյոք ուղարկե՞լ է իմ «Սպանված աղավնին» և «Բաղնսի բոխչան». եթե չի ուղարկել դեռ, թող շտապի։ Դե, բավական է այսքանը, ցնոր գրություն։

Քո Միխակ


82. ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1907. դեկտեմբերի 15. Ն. Նախիջևան.

Ձալո ջան.

Երրորդ նամակդ էլ ստացա, ուրախ եմ, որ սիրտս մի քիչ հանգստացրիր բրդի վերաբերմամբ։ Աստծու պահած գառն, ասում է, գայլը չի ուտիլ։ Ներփակյալ նամակը հանձնիր Օլին:

Այսօր ես Ջաբարին առանձին նամակ գրեցի, որ դու՝ տիկ. Վարդուհի Հովհաննիսյանդ — կներկայանաս իրեն և կստանաս մի օթյակի տոմսակ և ինձ հասանելիք հոնորարը (վարձատրությունը) իմ պիեսի ներկայացման համար։ Տոմսակը կգնաս ստանալու հենց որ աֆիշը դուրս կգա (վաղը չգնաս), իսկ հոնորարը — երբ ինքը կասի։

Ինքս պիտի գրեի, որ շապիկ-փոխնորդ կարես։ Կարիր։ Իսկ կապույտ խալաթս ինչ ուզում ես արա. ես խո էլ հագնողը չեմ այդ։

Պիեսիս ներկայացման համար տոմսակ ով ուզում է՝ թող գնա առնի, դժվար թե տան ձեռնե-ձեռ ծախելու։ Իհարկե, որքան շատ ծախվի, ինձ այնքան օգուտ կլինի, թատրոնի լիքը լինելն էլ — բարոյական օգուտ։ Աշխատիր, աշխատիր, ձալո ջան, որ ամենքը գնան։

Էլ բան չունիմ գրելու։ Բարև ամենքիդ։

Քո Միխակ