Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանապարհն այսքան թանկ չնստեր, ես անպատճառ կգայի պիեսիս ներկայացումը տեսնելու համար։ Ի դեպ՝ կարո՞ղ ես իմանալ դերասանուհի օրիորդ Ադամյանն այդտեղ է, թե ոչ. այստեղի Դրամատիկական ընկերությունն ուզում է նրան հրավիրել այստեղ 10—11 ներկայացման, ի միջի այլոց, և իմ «Սպանված աղավնու» համար։ Կարող ես իմանալ Ջաբարից կամ մեր դերասաններից որևէ մեկից. եթե այդտեղ է, թող նրա հասցեն գրեն Մալխասյանին։

Այս րոպեին ստացվեց «Վտակը», ուրեմն կարող ես «Մշակի» հետ «Վտակն» էլ չուղարկել, ուղարկիր միայն մյուս թերթերը։

Օլից նամակ էլ ստացա այս րոպեին դարձյալ ֆինտի-ֆլուշկով. նրան ասա, որ այդ հիմար բանը (ֆինտիֆլուշկեն) հարկավոր չէ։ Հիշո՞ւմ ես Մակար Չմշկյանի օրացույցի մեջ մի խաղ կա հարց ու պատասխաններով։ Վերջին անգամ, երբ Օլեն մեր տանն էր, գուշակություններ էինք բաց անում այդ հարցուպատասխաններով. նրա մատնանշած հարցին՝ «Իմ իդեալը սիրո՞ւմ է ինձ», դուրս եկավ հետևյալ պատասխանը՝ «միայն, երբ տեսնում եմ քեզ»։ Այժմ նա հիշեցնում է ինձ այդ պատասխանը...

Կարոտալից բարևներ ամենքիդ՝
Քո Մեխակ

Նախորդ նամակովս գրել էի, որ գալու եմ փետրվարի սկզբին։ Այժմ գրում եմ, որ շատ կարելի է ուշանամ և այստեղից դուրս գամ փետրվարի 15-ին, ուրեմն Թիֆլիս կարող եմ լինել բարեկենդանի շաբթին. արդյոք ուշ խո չի՞ լինիլ։ Կարծում եմ, որ չէ, դու ի՞նչ ես կարծում, գրիր։ Մեծ պասը 25-ին է։ Բայց այս մասին Օլանց ոչինչ չես ասիլ, իհարկե, որպեսզի նրանք չդանդաղեն պատրաստությունները տեսնելու։ Առհասարակ լավ կլինի, որ գրես ինձ, թե փետրվարի մեջ որ օրը հարմար կլինի, քո կարծիքով, հարսանիք անելու։

<Նար-Դոս>