Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարիքը» երբ, ո՛ր օրը կսարքենք, այդ էլ կվճռենք այդտեղ միասին։ Մալխասը կգնա ինձնից մի շաբաթ հետո։

Գործը վերջացրի՞ք թե չէ։

Այս նամակս ստանալուդ պես եթե նամակ գրես, կհասնի ինձ, իսկ եթե մի օր ուշացնես, էլ չի հասնիլ, չմոռանաս, որ նամակը գնում-գալիս է այստեղ չորս օրում, եթե ոչ հինգ օրում։

Ցտեսություն։

Ձեր Միքայել


86. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

<1908. փետրվար>.

10-ին պսակվեցի։ Ոչ դու կայիր, ոչ Մալխասյանը որ խաչեղբայր դառնայիք. քո տղայի (խաչեղբայրության) մասին էլ ասացին, թե լավ չէ, որ իմ կնքած սանս իմ խաչեղբայրս դառնա, ես իհարկե, նշանակություն չէի տալ այդ բանին, բայց գիտես, որ մենք մեր խելքով չենք առաջնորդվում, մեզ առաջնորդում են ամենազոր ձալոները։ Խաչեղբայր եղավ Պողոս Հովյանը։ Ինչևիցե, մտանք ամուսնական կյանք և տեսնենք թե վերջն ինչ է լինելու։

Ես քեզ Նախիջևանից նամակ էի գրել և խնդրել այնտեղ ուղարկել ձեռագիր վեպս, բայց ոչ մի պատասխան չստացա քեզանից։ Նախիջևանում ստացա Կուլտուրական Միության կողմից հայր Գեղամյանի մի նամակը, որով ինձ առաջարկում է իմ գրվածքներից որևէ մեկը հանձնել Միությանը տպագրության համար և ուղարկել իմ պայմանները։ Հիմա քեզ խնդրում եմ «Մեծ գործի սկզբում» վեպս ներկայացրու Եղիշե քահանա Գեղամյանին ներփակյալ նամակի հետ, որը ուղարկում եմ քեզ բաց, կարդա և կարդալուց հետո փակիր ու ներկայացրու Գեղամյանին։