Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

87. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1908. մարտի 31. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Մոսկվայից գրած նամակդ ստացել եմ ժամանակին, բայց պատասխանն այսօր-էգուց գցելով ուշացավ մինչև հիմա։ Ուշանալու պատճառը գլխավորապես այն էր, որ չգիտեի, թե ինչ պատասխանեի առաջարկիդ նորից Նախիջևան գալուս մասին։ Թերևս առանց տատանվելու վերկենայի ու գայի, եթե կյանքիս հանգամանքները միանգամայն փոխված չլինեին ամուսնանալու պատճառով։ Բանն այն է, որ կինս ոչ մի պայմանով չի թողնում ինձ մենակ գալու, իսկ նրան հետս վերցնել խելագարություն կլինի իմ կողմից։ Այսպես ուրեմն, այս հարցը պետք է լուծված համարել. ես գալու չեմ, այսինքն հնարավորություն չունիմ գալու, որի համար շատ եմ ցավում։ Մի՞թե Կարապետյանը բանի պետք չեղավ, այս մասին ոչինչ չես գրում։ Մեր Մուշեղն երևի շուտով կհեռանա սինոդի հաստատվելով (այս մասին լուր կար լրագրերի մեջ կարծեմ «Մշակի» մեջ) և կազատվես նրանից։ Համենայն դեպս, քանի որ մենակ ես, կրկնում եմ, նրա հետ կռվելը պոլիտիկա չէ։

«Բանտդ» կարդացի։ Նյութը հին է։ Մի քիչ տարօրինակ է, որ Ալմաստը — հարուստ մարդու, ուրեմն և քիչ ու շատ կրթված մի աղջիկ — ամուսնանում է մի հասարակ արհեստավորի հետ։ Կասես սերը։ Բայց մեր ժամանակում այդպիսի սեր չկա։ Անաջող է Մելիքի համբուրվելն Ալմաստի հետ սրա լավ ճաշ պատրաստած լինելուն համար, մանավանդ որ Ալմաստն ինքը չէր լինիլ ճաշը պատրաստած, այլ խոհարարը, որովհետև չէ՞ որ ճաշը տեղի է ունեցել նրա հոր տանը, իսկ հայրը հարուստ մարդ էր։ Համբույրի համար կարելի էր ուրիշ դեպք ընտրել, օրինակ Մելիքի օտարությոնից վերադառնալը։

«Մշակից» մինչև այժմ առաջարկություն չեմ ստացել։ Ինչպես երևում է, ինձնից խուսափում են իբրև «խավարամտից»։ Սա էլ Սպանդարյանի տված օգուտը... Առայժմ «Գեղարվեստի»[1] մեջ եմ։ Առաջին գիրքն արդեն պատրաստ է.

  1. «Գեղարվեստ» գրական-արվեստագիտական-երաժշտական պատկերազարդ հանդես, լույս է տեսել 1908—1921 թթ. Թիֆլիսում, Գ. Լևոնյանի խմբագրությամբ։