Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ տեսնես՝ կհավանես։ Այդ գրքի մեջ ես մասնակցություն չունիմ։ Լավ բան է, բայց դիմանալ չի կարող։ Ա. գիրքը նստել է 1200 ռուբլի։

Կաթողիկոսական ընտրության մասին հետաքրքրություն գրեթե ամենևին չկա. զոռով ուզում են ժողովներով հետաքրքրություն շարժել, բայց ընդհանրությունն անտարբեր է։ Թեկնածուների մասին առայժմ խոսք չկա։ Սպանդարյանի համար, ասում են, 3000 ռ. են ճարել, որ «Նոր-Դարը» վերսկսի, ընտրությունների ժամանակ պայքար մղելու համար։ Նրա թեկնածուներն, ասում են, լինելու են Օրմանյան և Սուքիաս։

«Մեծ գործի սկզբում» Կուլտուրականը մերժեց հրատարակել նյութական սղության պատճառով։ Առաջարկել եմ Բաքվի հրատ. ընկ., որ կազմել է Եր. Թաղիանոսյան։ Տեսնենք նրանք ինչ են պատասխանում։ Եթե «Գեղարվեստի» հարատևությունն ապահովվի, շատ կարելի է, որ «Մանես» տամ նրա մեջ հրատարակելու իբրև հավելված, վերջն առանձին գրքով արտատպելու պայմանով։ Մանր պատկերներս առայժմ չեմ ղրկում բոլորը պատրաստի չլինելու պատճառով.

Գրիր ինչ արիր Մոսկվայում։

Շատ բարևներ մերոնց կողմից։

Բարևիր իմ կողմից օրիորդին, Լուսեղենին և այլն։

Քո Նար-Դոս

«Բազմավեպի[1]» անցյալ տարվա դեկտեմբերի տետրակում մի մատենախոսական կա (Բժիկյանի)[2], որի մեջ խոսվում է, ի միջի այլոց, քո «Հորոտ-Մորոտի» մասին։


88. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1908. ապրիլի 19. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Երևի արդեն վերադարձած կլինիս Պետերբուրգից։ Եվ երևի միսիադ[3] անհաջող է անցել, որ չհեռագրեցիր։ Համենայն

  1. «Բազմավեպ» Վենետիկի Մխիթարյան միաբանության օրգան. հիմնադրվել է 1843 թ. և մինչև այժմ հրատարակվում է։
  2. Խոսքը վերաբերում է Բժիկյանի գրախոսականին՝ «Մեր արդի գրականությունը» վերնագրով, որտեղ խոսվում է Հ. Մալխասյանի «Հորոտ-մորոտ» գրքի մասին, տպ. 1907 թ. Նախիջևանում։
  3. Հավանաբար խոսքը վերաբերում է «Մեր ձայնը» թերթի նյութական ծանր վիճակին, որի համար Հ. Մալխասյանը մեկնել է Մոսկվա տեղի հայ հարուստներից օգնություն խնդրելու։