Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպս երկու զատ-զատ խումբ գրաշարների հետ. մի խումբը (բաղկացած 4 հոգուց) պահանջում է ամիսը 180 ռ., դադարման դեպքում մի ամսվա ռոճիկ, այստեղից և այդտեղից ճանապարհածախք 60-ական ռուբլի և երաշխավորություն, որ տեղիդ գրաշարները վնաս չեն տալ իրենց։ Մյուս խումբը (բաղկացած դարձյալ չորս հոգուց) պահանջում է ամիսը 180 ռ., մի ամսվանը իբրև կանխավճար այստեղ ստանալու և հետագայում ամսե-ամիս հանգցնելու պայմանով, համաձայն է ճանապարհածախսը ստանալ միայն այստեղից և նույնպես երաշխավորություն, որ տեղիդ գրաշարները վնաս չեն տալ իրենց։

Իմ կարծիքս այն է, որ յոլա գնաս դարձյալ տեղիդ գրաշարներով, որովհետև սրանք ավելի թանկ կնստեն և վերջը, ով գիտե, ինչ անհամություններ կարող են ծագել։ Էդ զարհումար Նախիջևանն ախր շատ հեռու է ընկած Թիֆլիսից և տեղիս տղերքը շատ էլ դյուրին պայմաններով չպիտի համաձայնեն այդտեղ գալու։

Սպասում եմ նամակիդ Պետերբուրգում ինչ անելուդ մասին։

Աբելյանին ասա, որ 50 ռ. ստացա և պիեսը տվեցի շարելու։ Խոստացան պատրաստ հանձնելու ինձ մի շաբաթից։ Ասա նրան նույնպես, որ կտպագրվի 1200 օրինակ, ինչպես ինքը կարգադրել է, և գործող անձերի անուններն էլ զետեղված կլինին վերևը, բայց գրքույկի ծավալը «Մկիճի հարսանիքից»[1] կես կվադրատ ավելի կլինի, որպեսզի կարելի լինի ամբողջը մի տպագրական թերթի վրա զետեղել։

Պատկերներիս ժողովածուն գրեթե արդեն պատրաստ է։ Եթե մտադրությունդ չես փոխել, կուզեի որ այստեղ տպվեր, իմ հսկողությամբ, և այստեղ ես ավելի էժան կնստեցնեմ, քան թե եթե այդտեղ տպես։

Շատ բարևներով
Քո Նար-Դոս
  1. «Միկիչի հարսանիքը» Ալ. Աբելյանի գրած առաջին պիեսն է, տպագրվել է 1903 թ. Բաքվում։ Միկիչի դերը խաղացել է հեղինակի եղբայրը ականավոր դերասան Հովհաննես Աբելյանը։