Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

89. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1908. ապրիլ 23. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Նյութ էիր ուզում — ահա տպիր ներփակյալ մատենախոսականը։ «Գեղարվեստը» կուղարկվի քեզ։ Արժանի է խրախուսանքի։ Թերթի վերջին համարներից տեսնում եմ, որ մենակ ես մնացել. երևի կոնֆլիկտն արդեն շատ սուր բնավորություն է ստացել։

Որովհետև գրում ես, թե գալու ես, այդ պատճառով չեմ ղրկում Պատկերներս։ Կգաս կխոսենք։

Դրությունս շատ տարտամ է. «Գեղարվեստի» մեջ համ կամ, համ չկամ. դեռ մի կոպեկ չեմ ստացել, որովհետև փող չունի ողորմելին։ Նյութականը բավական նեղում է ինձ. ունեցածս ծախսվեց, մերոնք էլ մոտ տասն հազարի վնաս կրեցին բրդի առևտրի մեջ...

Շատ բարևներով
Քո Նար-Դոս


90. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

1908 հուլիսի 3. Թիֆլիս.

Սիրելի՛ Ծատուր.

Անշուշտ շատ պիտի զարմանաս, որ այսքան (հաշիվ կա՞ քանի) տարվա լռությունից հետո նամակ ես ստանում ինձնից... Առիթն է երկար ու բարակ վերհիշումներ անելու, մեր անցած-անդարձ հրաշալի օրերի մասին, մեր պատանեկության, մեր մտերմության մասին — այն մասին, թե ինչ էինք մենք իրար համար սրանից մի 20—25 տարի առաջ... Եվ առիթը կրկնակի հարմար է, որովհետև այն, ինչ բանի համար որ գրում եմ նամակս, վերաբերում էր մեր ապրած այդ տարիների քաղցր հիշատակներին։ Սակայն ես զսպում եմ սանտիմենտալ զգացումներս, որոնք շատ էլ չպիտի սազեն մի մարդու, որի մազերն արդեն սպիտակել են, և անցնում եմ ուղղակի գործին։