Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անշուշտ լրագրներում կարդացած կլինիս, որ այս աշնան տոնվելու է «Աղբյուրի» 25-ամյակը[1]։ Օրը դեռ չի որոշված, բայց հոբելյանը կկատարվի նոյեմբերին, կաթողիկոսական ընտրություններից անմիջապես հետո։ Քարտուղարության պաշտոնը փաթաթել են իմ վզին, ներկայումս զբաղված եմ նամակներ գրելով զանազան քաղաքներ տեղական մասնաժողովներ կազմել տալու համար։ Մոսկվայում, բացի քեզնից, ուրիշ մարդ չգտա, որի անցյալն այնքան սերտորեն կապված լիներ «Աղբյուրի» հետ, որքան քոնը, ուստի քեզ եմ դիմում առանձնապես իմ և ընդհանրապես հանձնաժողովի անդամների կողմից խնդրելով, որ այդտեղ քո լիազոր հայեցողությամբ կազմես մի մասնախումբ հոբելյանին պատշաճ կերպով արձագանք տալու համար։

Մեր նպատակը գլխավորապես ֆոնդ կազմելն է։ Ֆոնդին նպաստելու խնդիրքով դիմել ենք շատերին, որոնք գրեթե բոլորն էլ Տ. Նազարյանի անձնական բարեկամներն են և ազգականները — բոլորն էլ ղարաբաղցիներ և հարուստ մարդիկ։ Դիմել էինք և Ժամհարյան Հովհաննեսին. պատասխան ստացանք, որ երբ Մոսկվայում կազմվի հանգանակիչ մասնաժողով, իրենք կտան իրենց նպաստը, և միևնույն ժամանակ հույս է հայտնում, որ Մոսկվայի մյուս հարուստներն էլ անմասն չեն մնալ։ Այս բանը գրում եմ քեզ ի տեղեկություն։ Ուրեմն մի քիչ որ եռանդ գործ դնես, բանն այդտեղ լավ կգնա։

Այս ֆոնդը. իսկ մնացածն էլ դու գիտես։

Առանձին հրահանգների մի սպասիր՝ արա՝ ինչ որ կամենաս։

Նամակիս հետ ղրկում եմ քեզ հոբ. հանձնաժողովի շրջաբերական կոչերից մեկը։

Սպասում եմ պատասխանիդ։

Քո Միքայել

Գրիր ինձ «Աղբյուր-Տարազի» հասցեով։

Հա՛, չմոռանամ. Տիգրան Նազարյանը խնդրեց, որ լուսանկարդ ղրկես աշխատակիցների ալբոմում[2] զետեղելու համար. ալբոմը լույս է տեսնելու հոբելյանի առթիվ։ Դա արդեն իր կողմից նվեր է լինելու իր աշխատակիցներին։

  1. «Աղբյուրի» 25-ամյա հոբելյանը տոնվել է 1908 թ.։ Այդ առթիվ ընտրվել է հոբելյանական հանձնաժողով Բագրատ Նավասարդյանի նախագահությամբ, Նար-Դոսին տվել են քարտուղարի պաշտոնը։ Հոբելյանի առթիվ Նար-Դոսը գրել է մի բրոշյուր «Քսանհինգամյակ աղբյուրի», Բ. Նավասարդյանի առաջաբանով։ Նույն գրքում տպված է Տիգրան Նազարյանի («Աղբյուրի» խմբագրի) ընդարձակ կենսագրությունը։
  2. Հոբելյանի օրերին հրատարակվել է «Աղբյուրի ակունք» վերնագրով ալբոմ-գրքույկ երեք պրակով, որտեղ զետեղվել են ամսագրի աշխատակիցների նկարներն իրենց համառոտ կենսագրականներով։