Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

91. ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1908. օգոստոսի 4. Նոր Նախիջևան.

Ձալո ջան.

Թեև գիտեմ, որ փոդրաթովդ շատ ես զբաղված, բայց և այնպես խնդրում եմ իմ հետևյալ խնդիրքս անկատար մի թողնիր։

Գարեգին Լևոնյանից («Գեղարվեստի» խմբագրից) ես ստանալիք ունիմ 100 ռ., որ նա ինձ տված առանձին ստորագրությամբ պարտավորվել է վճարել մաս-մաս, այսինքն՝ օգոստոսի սկզբին և կեսին 30-ական ռ. և մնացած 40 ռ․ սեպտեմբերի 15-ին։ Նամակիս հետ ուղարկում եմ այցետոմսը առաջին 30 ռ. ստացման մասին։ Խնդրում եմ այդ տոմսը ներկայացրու իրեն և փողը ստացիր։ Տոմսը իրան կհանձնես, իհարկե, այն ժամանակ, երբ փողը կստանաս։ Մյուս 30 ռ. և 40 ռ. մասին նման տոմսեր կուղարկեմ իր ժամանակին։ Այդ փողերը վերցրու քո պարտքին։ Օլիայի կարիքների համար ես փող կուղարկեմ սեպտեմբերին, հետևյալ ամսին էլի կղրկեմ։

Ո՞նց եք։ Ի սեր աստուծո Օլիային մի թողնիր, որ շատ դարդ անի իմ մասին։ Առայժմ մեր մտահոգության առարկան բնակարանի խնդիրն է. մի ծանոթ բժիշկ կա, որի մոտ ուզում ենք նախլեբնիկ մտնել ամսական 30-ական ռուբլով։ Այս երեկո գնալու ենք խոսելու։ Մինչ այդ ապրում ենք խմբագրատանը։ Այստեղ դեռ հովերը չեն սկսվել։

Շատ բարևներ ամենքին. ալարս գալիս է մեկ մեկ անունները հիշել։

Վլադիկավկազի ճանապարհը մտքիցս չի հեռանում, անցել ենք այնպիսի հսկայական լեռների գլխով և ձորերի միջով, որոնց տեսքը մարդու մազերը բիզ-բիզ են կանգնեցնում։ Մեզ հետ գալիս էր մի ռուս податной инспектор, քիչ էր մնում վախից սիրտը ճաքեր։

Հենց նոր ես ու Մալխասը գնացել էինք կլուբի պարտեզում ճաշելու. 2 ռ. 10 կ. փող ծախսեցինք և քաղցած դուրս եկանք։ Ահա թե ինչ է նշանակում ընտանիքի մեջ չապրելը։

Եթե մին-մին գրես, վատ չես անի։

Քո Միխակ