Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադարման պատճառը գրաշարներն են եղել։ Է՛հ, փառք աստծու։ Նյութականն էլ, ինչպես երևում է, խմբագրական ծանուցումից, դրստել ես, եկող տարվա համար էլ բաժանորդագրություն ես բացել։ Շնորհավորում եմ, թեև մնում եմ նույն հոռետեսը...

Մասամբ այն պատճառով, որ ուղարկածս մամուլից մի երկուսը լույս չտեսան և մասամբ էլ նրա համար, որ թերթը դադարել էր, վերջերս ես այլևս չէի ուղարկում մամուլ։ Այսօրվանից նորոգում եմ, թեև չգիտեմ, թե որքան կարիք ունիս, որ մամուլն այստեղից ղրկեմ։

Եթե իսկապես թերթն ապահովված է եկող տարվա համար, լավ կանես, որ «Մանես» տպես հենց այժմվանից, այսինքն դեկտեմբերից. դա այն օգուտը կունենա, որ այս տարվա բաժանորդները եկող տարվա համար էլ կգրվեն։ Եթե միայն, իհարկե, ուզում ես, որ վեպս տպվի թերթիդ մեջ։ Գրիր ինձ այս մասին ասելիքդ։

«Աղբյուրի» հոբել<յանի> քարտուղարությունն ահագին ժամանակ է խլում ինձնից։ Բարևներ մերոնցից։

Քո Նար-Դոս


95. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ
1908. դեկտեմբերի 11.

Մեծարգո պարոն Ավետիք Արասխանյան.

«Աղբյուրի» աշխատակիցների կողմից, ինչպես հայտարարվեց, տպագրվում է «Ձոն ու Տոն» վերնագրով մի ժողովածու, որի մեջ զետեղվելու են էպիզոդներ և հիշողություններ «Աղբյուրի» և Տ. Նազարյանի կյանքից։ Ձեր մասնակցությունը ցարդ բացակայում է։ Խնդրում ենք Ձեր մի քանի տողերը հիշյալ նյութերի մասին։

Ժողովածուն լույս է տեսնելու առաջիկա շաբաթ, խնդրում ենք հաճեցեք հասցնել նյութը մինչև կիրակի կամ իշխանուհի Ս. Վ. Արղությանին, կամ ինձ («Տարազի խմբագրություն»)։

Հարգանոք ի դիմաց աշխատակիցների։

Նար-Դոս