Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

96. ՅՈԻՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿՈՒՆ

1908. Թիֆլիս

Հարգելի Յուրի Ալեքսեևիչ.

...Կասկած չկա, որ ես շատ բանով պարտական եմ ռուս գրականության, առանձնապես նրա պատմողական ճյուղին, որը, հանձինս նրա ամենալավ ներկայացուցիչների, բոլոր ժողովուրդների պատմողական ստեղծագործություններից ամենից բարձր եմ դասում։

Ինձ վրա ամենից ավելի ուժեղ ազդեցություն ունեցել են չորս գրող՝ Տուրգենևը (որին ես աստվածացնում եմ), Գոնչարովը, Տոլստոյը և Դոստոևսկին. նրանց ստեղծագործությունները դեռևս պատանի հասակում ես կարդացի, այսպես ասած, մի շնշով։ Առանձին տպավորություն թողին ինձ վրա Տուրգենևի «Ազնվական բույնը», «Ռուդինը» և «Հայրեր ու որդիները», Գոնչարովի «Օբլոմովը», «Օբրիվը»» Տոլստոյի «Աննա Կարենինան», Դոստոևսկու «Ապուշը»։ Ռուս նորագույն գրողներից ես շատ եմ սիրում Չեխովին, որի ամեն մի ամենափոքր գործն անգամ իմ կարծիքով, բազմահատոր վեպ արժե։ Իմ կարծիքով, ռուս նորագույն բելետրիստներից միայն Չեխովն է, որ կրում է իր մեջ ռուսական պատմողական ստեղծագործության ամենալավ տրադիցիաները։

Մտքիս մեջ վերհիշելով իմ գրվածքների բովանդակությունը, այն նպատակով, որպեսզի գտնեմ, թե վերև հիշած իմ սիրած հեղինակների ո՞ր մեկի ազդեցությունն է արտահայտվել իմ այս կամ այն գրվածքում — այս խնդրի նկատմամբ ես դժվարանում եմ որոշակի բան ասել... բայց որ այդ ազդեցությունը պիտի լիներ, այդ մասին կասկած լինել չի կարող, որովհետև միանգամայն պարզ է, որ գրողները, մանավանդ մեզ նման փոքր ժողովուրդների համեստ գրողները, որոնք ապրում և դաստիարակվում են մեծ ազգերի գրականության ազդեցության տակ, չեն կարող լինել ամբողջովին ինքնապարփակ։

Եթե գոյություն չունենար գրողների փոխադարձ ազդեցություն, նրանց ստեղծագործությունը կլիներ չափազանց աղքատ, և մանավանդ, եթե տարբեր ժողովուրդների գրողները