Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

98. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

1909 հունվարի 24․ Թիֆլիս

Սիրելի իմ Ծատուր.

Հիվանդությանդ լուրը կարդացել էի լրագրներում. այժմ շատ ուրախ եմ, որ վտանգն անցել է։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչու լուռ մնացիր «Աղբյուրի» հոբելյանին։

Երեկ ուղարկեցի քո հասցեին «Տոն ու Ձոնից» մի օրինակ և «Տարազի» այն համարը, որի մեջ զետեղված է հոբելյանի նկարագրությունը։ Մանրամասնությունները լույս կտեսնեն ժողովածվի մեջ, որի մեջ զետեղված կլինին բոլոր հեռագիրները, ուղերձները, շնորհավորական նամակները, գավառական հանդեսների նկարագրությունները և այլն։ Եթե թույլ կտաս, քո նամակից էլ կքաղեմ այն, ինչ որ վերաբերում է «Աղբյուրի» մեջ սկզբնական քայլերդ անելուն։ Հոբելյանը թեև շատ աջող չէր, բայց մեր սպասածից էլ աջող էր. մի կողմից գեներալ նահանգապետն արգելքներ էր հարուցանում (տոնակատարությունը և այդ մասին հայտարարություններ տպելու թույլ տվավ երեք օր առաջ միայն), մյուս կողմից զորեղ ագիտացիա էր անում «Հասկերի» խումբը. հայկական նախանձն ու չկամությունն այսպիսի մի անմեղ հանդեսի դեմ էլ բարձրացրեց իր գլուխը։ «Հասկերի» խմբի այդ վարմունքը միանգամայն անհասկանալի է, քանի որ ներկան ու ապագան պատկանում է «Հասկերին», և «Աղբյուրը», արդեն ծերացած և ուժասպառ, չի կարող նրա մրցակիցը լինել։ Եթե ասեմ, որ այդ վարմունքի պատճառն անձնական թշնամությունն է դեպի Տ. Նազարյանը, չեմ կարծում, թե այդ էլ որևէ հիմք ունենա, որովհետև դժվար թե Նազարյանը ումևիցե, բացի բարիքից, չարիք լինի գործած։ Բացի դրանից, հոբելյանի ժամանակ, խոսք չի եղել Տ․ Նազարյանի մասին, այլ հոբելյանը վերաբերել է միմիայն «Աղբյուրին», որը վերջին քառորդ դարի մեր գրականության օրրանն է եղել, կարելի է ասել։

Հիմա մի երկու խոսք իմ մասին։

Ախր չես ասիլ, որ անցյալ տարի մի աններելի հիմարություն գործեցի և... ամուսնացա։ Հիմա մի աղջկա հայր եմ...