Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարդացի Ոսկու Ձոնի հոդվածը. Մոսկվայից ոչ մի կոպեկ չի ստացված։ Հույս ունիմ՝ հիմա շատ լավ ես։

Քո Միքայել


103. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1909. մարտի 19.

Սիրելի Մալխաս.

Այդպես ուրեմն — արդեն բարակեց և կտրվո՞ւմ է։ Շատ և շատ ցավալի է։ Նախիջևանցիք հետո կզգան թե ինչ ունեին և ինչ կորցրին։ Նրանք երկրորդ Մալխասյան չեն գտնիլ — դրան ես հավատացած եմ։ Թող նորից գնան իրենց մեռած քաղաքով և անհայտության ու մոռացության գիրկը նետվեն։ Բայց պրիստիժդ չձգելու համար բաժանորդներիդ՝ ժողովածվով է թե ինչով՝ հատուցում պիտի տաս։ Այն ժամանակ իրավունք կունենաս սրտալի թքելու ամենքի երեսին։

Եթե սրանից առաջ ուղարկածս մամուլը տպել ես («Մշակից» պահանջված հաշիվների մասին), այս էլ պետք է տպես անպատճառ։

Գրում ես թե ուզում ես շաբաթաթերթ հրատարակել այստեղ։ Խորհուրդ չեմ տալ ամենևին։ Այստեղ կարելի է ուրիշ գործ կատարել, որի մասին կգաս կխոսենք։ Դա ալմանախներ — գրական ժողովածուներ — հրատարակելու գործն է, որ այժմ մեծ աջողություն ունի Ռուսաստանում։

Այս նամակս երևի վերջինն էլ կլինի։

Քո Նար-Դոս


104. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
12. մարտի.

Սիրելի Մալխաս.

Եթե քաջ ես, տպիր Յունիուսի մասին կազմածս մամուլը։ Իսկ եթե տպելու չես, ետ ղրկիր ինձ։

Քեզնից նամակի եմ սպասում։

Քո Նար-Դոս