Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1910

105. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

1910. ապրիլի 25. Թիֆլիս.

Ծատուր ջան

Իմ սիրելի, իմ վաղեմի ընկեր.

Անշուշտ պիտի հասկանաս ինձ, թե այս րոպեին, որ գրիչ եմ առնում հոբելյանդ[1] շնորհավորելու, ի՛նչ զգացումներ են հուզում ինձ և ի՛նչ անցած ու ըստ երևույթին մոռացած հիշողություններ են վերարտադրվում իմ մեջ մեր պատանեկական ընկերական օրերից։

Ես, որ արդեն այլևս անկարող եմ լինում մտաբերելու երեկը, հիշողության զարմանալի պայծառատեսությամբ վերարտադրում եմ մտքիս աչքերի առաջ այն զարհուրելի չքավորության և անտարբերության պարագաները, որոնց մեջ դու — մի որբ պատանի չար բախտից հալածական — տապակվում էիր սրանից քսանհինգ տարի առաջ։ Ահավասիկ կալեյդոսկոպի պատկերների պես մեկը մյուսի ետևից անցնում են առաջովս՝ կապույտ բլուզդ երկաթի մրից սևացած, թեթև գլխարկդ, որին փչեիր՝ կթռչեր, ծակ կոշիկներդ, դպրոցական 5-կոպեկանոց հացը կռանդ տակին... Ահա՛ աշակերտական այն մութ, խոնավ, ցուրտ հանրակացարան սենյակը ս. Գևորգ եկեղեցու բակում, հավաբնի գլխին, ուր ապրում էիր դու մյուս աշակերտների հետ միասին... Ահա՛ այն չուլերը այդ սենյակի հատակին, որոնց անունը անկողին էր... Ահա՛ և տրակտիրի այն մութ, սակայն տաք սենյակը Սալդատսկի բազարում իր երկայն նստարաններով ու սեղաններով, ուր ձմեռվա ցուրտ առավոտներին պատսպարվում էիր՝ մի «պտրա» չայով մարմինդ տաքացնելու և արգանի ղրղռոցի տակ ոտանավորներ գրելու...

Բայց մի բան, որ ցմահ մոռանալու չեմ, այդ՝ ձմեռվա այն սառնամանիք առավոտն է, երբ ըստ սովորականին եկա քեզ մոտ (այն ժամանակ ապրում էիր մենակ Անչիսխատի փողոցում), կես ժամի չափ թակում էի դուռդ — չէիր բաց անում։ Հետո լուսամուտից տեսա, թե ինչպես բարձրացար չուլերիցդ, չոքեչոք մոտեցար դռանը և բաց արիր։ Ուշագնաց

  1. Ալ. Ծատուրյանի գրական գործունեության 25-ամյա հոբելյանը կազմակերպել է Մոսկվայի հայկական կոմիտեն. մեծ շուքով տոնվել է 1910 թ. մայիսի 2-ին։ Նար-Դոսը հնարավորություն չունենալով անձամբ մասնակցելու ընկերոջ տոնին, գրում է այս նամակը, որ հետագայում 1912 թ. տպագրվում է «Հուշարարում»։