Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1912
107. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
1912. հուլիսի 5. Թիֆլիս.

Ծատուր ջան

Մտածում էի, թե որտեղից գտնեմ հասցեդ, որ «Մահս» ուղարկեմ քեզ, մեկ էլ տեսնեմ վրա հասավ նամակդ՝ բերելով Ժելեզնովոդսկի հասցեդ։ Բռնեցի ու մեկն ուղարկեցի։ Հուսով եմ արդեն ստացել ես։

Սխալվում ես կարծելով թե նոր եմ երկնել այդ։ Ավա՜ղ, «անցան գեղեցիկ օրերը Արանջվեցի»... էն վաղ էր, որ էշը... սաղ էր, հիմա էշը կաղ է։ «Մահը» գրել եմ սրանից մոտ 20 տարի առաջ, և այն ժամանակ (1894—1895 թ.) առաջին երկու մասը տպագրվեց «Նոր-Դարում» «Մեծ գործի սկզբում» վերնագրով, երրորդ մասը մնաց չտպագրված այն ժամանակվա ցենզուրական արգելքի պատճառով։ Աստված հոգին լուսավորի Մանթաշյանի, եթե չմեռներ, «Մահս» թերևս այնպես էլ մեռած մնար «պորտֆելիս» մեջ։ Ահա իսկապես մի մարդ (Մանթաշյանը), որ «մահուամբ իւր զմահ կոխեաց»։

Քսա՜ն տարի առաջ... Այժմ չկա այլևս առաջվա հավասը, համբերությունը, վառ երևակայությունը... լրագիրը — այդ անպետք, վնասակար, ապականված և ապականող լաթը սպանեց իմ մեջ ամեն ինչ։ Այժմ ես ապրում եմ միայն անցյալի հուշերով և զբաղված եմ գրական գործունեությանս համագումարը կազմելով։ Այս տարի մտադիր եմ հրատարակության տալ մանր պատմվածքներիս ժողովածուն և այնուհետև, երևի, վերջակետ կդնեմ։ Թեև «Նոր-Դարում» ունիմ մի քանի ուրիշ մեծ գրվածքներ, բայց այդ գրվածքներն առանձին գրքույկներով լույս ընծայելու մասին չեմ էլ մտածում, որովհետև շատ խակ բաներ են[1]։

Այսքանս իմ գրական «պարապմունքներիս» մասին։ Ինչ վերաբերում է մասնավոր կյանքիս, 3½ տարեկան մի աղջիկ ունիմ, որին խելագարի պես սիրում եմ, ընտանիքովս բախտավոր եմ, նյութականովս դժբախտ։ «Սուրհանդակի» դադարումից հետո շրջում եմ պարապ և ոչ մի կերպ չեմ կարողանում

  1. Նար-Դոսը շատ խստապահանջ է եղել իր սեփական ստեղծագործությունների նկատմամբ։ Իր գրվածքներից՝ «Զազունյանը», «Ճշմարիտ բարեկամը» և ուրիշներ առանձին գրքով տպագրելու արժան չի համարել։