Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
109. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1913. մայիսի 19. Թիֆլիս.

Շատ հարգելի բարեկամ.

պ. Ցոլակ Խանզադյան.[1]

Ձեր սիրալիր նամակը, որ մի կատարյալ սյուրպրիզ էր ինձ համար, ստացա։ Շատ շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար և ահավասիկ մի առ մի պատասխանում եմ Ձեր հարցմունքներին, թեև, ճշմարիտն ասեմ, ինձ համար միշտ անհաճո է եղել իմ մասին խոսելը։ Ասենք, ես միայն փաստեր կհաղորդեմ Ձեզ և, կարծեմ, Ձեզ էլ այդ է միայն հարկավոր։

Ծնվել եմ Թիֆլիսում 1867 թ. մարտի 1-ին։ Սկզբնական կրթությունս ստացել եմ Հավլաբարի (Թիֆլիսի ետին քաղաքամասերից մեկը) ս. Կարապետ եկեղեցու ծխական— խալիֆայական դպրոցում, ուր տարին տասներկու ամիս ուսում կար (գլխավորապես ժամասացություն)։ Այդտեղից փորձեցի մտնել Ներսիսյան դպրոց, չաջողվեց։ Մտա քաղաքային Նիկոլաևսկոյե երկդասյան դպրոցը, որտեղ ուսումս ավարտելուց հետո գնացի Խոնի (ավան Քութայիսի մոտ) տեղական ուսուցչական սեմինարիան մտնելու համար։ Ընդունվեցի իբրև առաջնակարգ քննություն տվողներից մեկը, սակայն՝ հենց սկզբից ստիպված եղա վերադառնալ Թիֆլիս ծնողներիս հակառակության պատճառով (անգրագետ մարդիկ էին)։ Սկսեցի պատրաստվել Թիֆլիսի ուսուցչական ինստիտուտը մտնելու համար, դարձյալ անհաջող և դարձյալ նույն պատճառով (հայրս և, գլխավորապես, մեծ եղբայրս չէին ուզում մի կոպեկ անգամ ծախսել ուսմանս համար, թեև ունևոր էին)։ Վերջ ի վերջո, որպեսզի պարապ չթափառեմ և գոնե արհեստ սովորեմ, մտա Թիֆլիսի քաղ. Միքայելյան արհեստագիտական դպրոցը՝ փականագործություն սովորելու։ Այստեղ նույն տարին մտավ Ալ. Ծատուրյանը, որի հետ ամենամտերիմ ընկերներ դարձանք։ Բայց մեր ուշքն ու միտքն ավելի թատրոնի և գրականության կողմն էր, քան

  1. Խանզադյան Ցոլակ.— գրականագետ, մանկավարժ, մասնագիտությամբ իրավաբան։ Նար-Դոսին ուղղված իր նամակում գրում է. «Ինչպե՞ս կապվեցիք դուք նորդարականների հետ՝ համոզմունքո՞վ, թե՞ իրերի բերմամբ, ինձ համար խիստ կարևոր հարց է»։ Նար-Դոսի այս պատասխան նամակից հետո Խանզադյանն ի միջի այլոց գրում է. «Որքան տարօրինակ ծագում ունի Ձեր գրական դժբախտությունը... Ես համոզված եմ, որ խայտառակ պատահականությունն ու նյութական անհրաժեշտությունն ստիպել են Ձեզ, ներեցեք, արտահայտությանս համար։ Ամենաանկեղծ ցավն եմ զգացել միշտ, որ դուք «նորդարականի» անուն ունեք.— Ինչևիցե, անցածն անցած է։ Քննադատությունը պարտականություն ունի տալու Ձեզ բարձր արժանիքներ, որպեսզի Ձեր 30-ամյակը չմոռացվի 25-ամյակի նման։ Խայտառակ անտարբերությանը վերջ պիտի տրվի։ Ձեզ նման տաղանդավոր արձակագիր, իմ համոզմունքով, մենք շատ քիչ ունենք։ Եթե «ազգայինները» չկարողացան գնահատել Ձեզ, մենք՝ սոցիալ-դեմոկրատներս անենք տաղանդավոր «նորդարականի» արժանավոր գնահատությունը»։ (Նար-Դոսի արխիվ, № 163)։