Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արհեստի, ուստի հազիվ մի տարի բոլորած թողինք արհեստագիտական դպրոցը։ Այնուհետև բախտը Ծատուրյանին գցեց Նիժնի-Նովգորոդ և Մոսկվա, իսկ ինձ՝ «Նոր-Դարի» խմբագրատուն, որն և եղավ, ինչպես ինքներդ շատ լավ գուշակել եք, իմ «գրական դժբախտության» օրրանը։

Վերջին հանգամանքներն էլ պատահեց այսպես...

Գրել սկսել էի դեռևս աշակերտական նստարանից։ Գրել էի, ի միջի այլոց մի պատմվածք «Ճշմարիտ բարեկամը» վերնագրով։ Ընկերներիցս մեկը, որ ինքն էլ գրելացավով էր բռնված, բայց որից վերջը բան դուրս չեկավ, առավ տարավ այդ գրվածքս «Մեղվում» տպել տալու համար. («Մեղուի» խմբագրատան մոտ նրանք խանութ ունեին և իրենք էլ «Մեղու» էին ստանում)։ Անցան ամիսներ, գրվածքս լույս չէր տեսնում։ Ընկերս գնաց պատճառն իմանալու և լուր բերեց, թե դեռ չեն էլ կարդացել (այդ ժամանակ Սպանդարյանը, բաժանվելով «Մեղուից», հիմնել էր իր «Նոր-Դարը», և «Մեղուն» հոգեվարքի մեջ էր)։ Պահանջեցի հետ վերցնել պատմվածքս և տանել Գրիգոր Արծրունու «Մշակի» մեջ տպելու։ Տարավ։ Գր. Արծրունին իսկույն կարդացել էր և հավանել, բայց խնդրել էր, որ ես մտնեմ իր մոտ, որպեսզի իր ցուցմունքների համաձայն մի քանի փոփոխություններ մտցնեմ։ Ոչ թե ինքը Գր. Արծրունին, այլ առհասարակ խմբագիր անունն ինձ համար այնքան անմերձենալի մի բան էր հանդիսանում այդ ժամանակ, որ ես պարզապես սարսափեցի, երբ ընկերս առաջարկեց, որ միասին գնանք Գր. Արծրունու մոտ։ Բայց ծաղրելի չերևալու համար, ծածկեցի գնալ չհամարձակվելուս իսկական պատճառը, այլ միայն հեղինակի ինքնասիրություն կեղծեցի, պատասխան ուղարկելով Արծրունուն, թե ուրիշի ցուցմունքներով ես ոչինչ չեմ գրի, եթե ուզում է՝ թող տպի այնպես, ինչպես՝ որ գրել եմ, այլապես թող հետ տա գրվածքս։ Արծրունին, իհարկե, հետ տվեց, չկամենալով տպել տհաս գրչի մի արդյունք առանց որևէ փոփոխության։ Վերջ ի վերջո «Ճշմարիտ բարեկամը» դարձյալ նույն ընկերոջս միջոցով ընկավ Ս. Սպանդարյանի ձեռքը և գրեթե անմիջապես տպվեց «Նոր-Դարում» 1886 թվի մարտ ամսին նույնությամբ, ինչպես որ գրել էի. Սպանդարյանը միայն վերնագրի տակ ավելացրել էր «Հայոց