Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքից»։ Չմոռանամ ավելացնել, որ այդ պատմվածքս «Նոր-Դարի» մեջ տպվեց Միխո-Օհան (Միքայել Հովհաննիսյան) ստորագրությամբ, որը հետագայում, տգեղ համարվելով, փոխվեց Նար-Դոս կեղծանվան, որպիսի ստորագրությամբ այնուհետև սկսեցին լույս տեսնել բոլոր գրվածքներս։

Ինչպես հայտնի է, պատանի սկսնակները սովորաբար կապվում են այն թերթի հետ, որի մեջ լույս է տեսնում իրենց առաջին գրվածքը։ Այդպես էլ ես կապվեցի «Նոր-Դարի» հետ։ Եթե Արծրունին տպեր իմ «Ճշմարիտ բարեկամը» կամ ես համարձակություն ունենայի նրա մոտ գնալու, անշուշտ «Մշակի» հետ կկապվեի և ... «դժբախտ» չէի լինի։

Ահա Ձեր խնդրած մանրամասնություններն այն բանի, թե ինչպես կապվեցի ես նոր-դարականների հետ, և Ձեզ եմ թողնում որոշել՝ համոզմունքո՞վ եղավ այդ, թե իրերի բերմամբ (այն ժամանակ ես 18—19 տարեկան էի)։

Գալով իմ կրած գրական ազդեցություններին, այս մասին կարող եմ հաղորդել հետևյալը։

Դեռևս 11—12 տարեկան հասակումս կլանում էի Րաֆֆու «Խենթը» «Մշակի» մեջ տպվելիս։ Այնուհետև միշտ նույն ագահությամբ եմ կարդացել նրա հետագա երկերը հենց նոր լույս տեսած ժամանակ։ Բայց հայ գրականությունն ընդհանրապես ինձ վրա ոչ մի ազդեցություն չի գործել գլխավորապես այն պատճառով, որ նրա մեջ հոգեբանական ճշմարտություն չեմ տեսել։ Հիացել եմ Հյուգոյի, Շպիլհագենի, Իբսենի երկերով, հետաքրքրությամբ կարդացել եմ Զոլան և այլն, բայց արևմտյան եվրոպական գրականությունն ընդհանրապես անհարազատ է եղել հոգուս, հետևաբար և ոչ մի ազդեցություն չի գործել ինձ վրա։ Տուրգենև, Դոստոևսկի, Գոնչարով և Տոլստոյ — ահա միակ հեղինակները, որոնց հմայքից մինչ օրս էլ չեմ կարողանում ազատվել։ Հետո առանձնապես մատնանշեմ լեհացի գրողներից Սենկևիչի անունը, որի «Առանց դավանանքին» (ռուսերենն եմ կարդացել,) շատ զորեղ տպավորություն է գործել ինձ վրա։ Չմոռանամ նույնպես Չեխովը, որի մինյատյուրները միշտ առանձին հաճույքով եմ կարդացել։

Ինչ վերաբերում է գրական աշխատություններիս, ահավասիկ նրանց լիակատար ցուցակը։