Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցը Կ. Հ. Բ. Ընկերությունից ստացած ամսական 5 ռուբլի նպաստն էր և պատահական բարեկամներից ստացած օգնությունը։

Մեր դեպի գրականությունն ունեցած ձգտումին մեծ զարկ տվավ մեր հայոց լեզվի և կրոնի ուսուցիչ Արսեն ա. քահ. Բագրատունին, որը ինքը մասամբ գրականագետ և բանաստեղծ լինելով, խրախուսում էր աշակերտներին, հենց որ նրանց մեջ գրական շնորհք էր նկատում. այդ կողմից նրա առանձին գուրգուրանքի առարկան էինք Ծատուրյանը և ես։ Շատ լավ հիշում եմ, նրա առաջարկությամբ աշակերտներս գրեցինք մի-մի նմանողություն Պեշիկթաշլյանի «Գարունին» («Ո՜հ, ի՜նչ անուշ») և ամենալավը դուրս եկավ, իհարկե, Ծատուրյանինը։

Արհեստավորաց դպրոցում մենք ունեինք և մի ուսուցիչ Գաբրիել (Գաբո) Միրզոյան, որ այն ժամանակ խմբագրում էր «Ադբյուրը», նկատելով Ծատուրյանի ընդունակությունները, Միրզոյանը տալիս էր նրան ռուսերեն մանկական գրվածքներ հայերեն թարգմանելու համար և տպում էր «Աղբյուրում»։ Ծատուրյանը պատանեկական հասակից գրում էր միմիայն ոտանավորներ և գեղարվեստական ինքնուրույն գրվածքներ տալու փորձ, կարծեմ, երբեք չի արել։ Նա սիրում էր [զբաղվել] միայն մանրիկ արձակ գրվածքների թարգմանություններով, որպիսի թարգմանություններ այն ժամանակ զետեղում էր «Նոր-Դարում»։ Ընթերցասեր էր վերին աստիճանի, կարդում էր ամեն մի պատահած գիրք։ Կիրակի օրերը նրան միշտ կարելի էր տեսնել Սալդաթսկի բազարում, ուր բուկինիստները մինչև այժմ էլ դուրս են բերում իրենց հնամաշ գրքերը, և իր ունեցած վերջին կոպեկները տալիս էր ֆրանսիական որևէ արկածախնդրական ռոմանի, որ տանի կարդա։ Եվ այդ միջոցով նա մի ստվար գրադարան էր կազմել, ուր կարելի էր գտնել Պոնսոնդյու-Տերրայլի «Ռոկամբոլից» սկսած մինչև Ալիշանի «Նվագները»։

Արհեստավորաց դպրոցում այն ժամանակ կային մի խումբ հայ երիտասարդներ բարձր դասարաններում, որոնց հետ մենք մի տեսակ հոգեկան կապ ունեինք։ Դրանք մեծ մասամբ գավառացիներ էին և աղքատ երիտասարդներ, որոնք ապրում էին հավաքաբար վարձած մի ընդհանուր