Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռևս շատ թույլ եմ և, ինչպես երևում է, դեռևս մի ամիս հարկավոր է ուժերս վերականգնելու համար։ Այնպես որ հիմա ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ քո առաջարկությանը։ Ժողովածուի համար կոչի մեջ (եթե դեռ չեք հրատարակել), իհարկե, կարող եք համենայն դեպս մտցնել և իմ անունը, բայց նյութը ժամանակին կարո՞ղ եմ հասցնել, թե ոչ — ոչինչ չեմ կարող ասել և առհասարակ առաջուց խոստանալ էլ չեմ կարող։ Այնպես որ՝ կլինի՝ լավ, չի լինի՝ մի մեծ ցավ չի. ժողովածուն առանց իմ նյութի էլ շատ լավ յոլա կգնա, միայն աշխատեցեք օրինավոր, մնայուն բան տալ։

Շատ լավ ես անում, որ գործից դուրս ձեռներդ ծալած չես նստում, գրում ես։ Ես ե՞մ, որ չեմ իմանում ծուլացե՞լ եմ, ծերացե՞լ, թե «աստվածային կրակըս արդեն հանգել պրծել է իմ մեջ... Երևի այս էլ, այն էլ, այն էլ և, մանավանդ վերջինը... Այսպիսի պարագայում ի՞նչ միտք ունի իմ ձեր այդտեղի ընկերության անդամ գրվելը, քանի որ ոչ մի բանով պիտանի չեմ կարող լինել, ինչպես որ ոչ մի միտք չունի իմ անդամությունը այստեղի հայ գրողների ընկերության, որի մինչև անգամ փոխ-նախագահի պաշտոնի ընտրեցին ինձ, հակառակ իմ ցանկության։

Մինչև այժմ հիվանդությունս ինձ շատ էր խանգարում Թիֆլիսից դուրս գալու. այժմ որ ազատվեցի այդ հիվանդությունից, եկող տարի երևի կայցելեմ Երևան, որը ինձ չափազանց հետաքրքրում է։ Շատ բարևներով իմ և մերոնց կողմից։

Քո Նար-Դոս


1927

116. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1927. փետրվարի 28. Թիֆլիս

Սիրելի Հովհաննես.

Սպասում էի Հ․ Հակոբյանին տեսնեմ, որ գրեմ վերջին նամակիդ պատասխանը։ Տեսա վերջապես և ահա գրում եմ։