Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենսուրախ,— որպիսին տեսա քեզ մեր առաջին ծանոթության ժամանակ նախ Բաքու, հետո այստեղ՝ Թիֆլիսում և ապա Նախիջևանում սրանից 20 տարի առաջ։

Ափսոս, շատ ափսոս, որ անցյալ տարի Թիֆլիս եկածդ ժամանակ մեր հանդիպումն եղավ մի քանի րոպեով միայն և ժամանակ չկար, որ մի քիչ նստեինք, ջան ասեինք, ջան լսեինք։

Անկեղծ պիտի ասեմ քեզ, սիրելի Սանդրիկ (կարծեմ, այսպես են անվանում քեզ ձերոնք, և թույլ տուր, որ ես էլ այդպես անվանեմ), ես շատ ծանոթներ ու բարեկամներ եմ ունեցել անցյալում, բայց շատ քչերն են եղել, որոնց հետ հենց առաջին ծանոթությունից այնքան մոտիկ ու մտերիմ զգայի ինձ, ինչպես քեզ հետ։

Այժմ ես շատ ուրախ եմ, որ մեր այսքան տարվա անջատումից և լռությունից հետո առիթ ունիմ իմ այս զգացումը հայտնելու քեզ։

Դարձյալ մի քանի տասնյակ տարիներ և առողջություն — ահա իմ բարեմաղթությունը։

Համբույրներով
Քո Նար-Դոս


120. ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻՆ

1928. սեպտեմբերի 15. Թիֆլիս.

Սիրելի Ստեփան.

Նամակդ ստացա։ Մի կատարյալ սյուրպրիզ։ Բնավ չէի սպասում։ Բոլորովին մոռացել էի անցյալ տարի այստեղ փողոցում ունեցած մեր խոսակցությունը, և որովհետև քեզնից շուտով պատասխան չստացա, կարծում էի, թե գործը ձախողել է, ուստի «Սպանված աղավնու» վերահրատարակության միտքը բոլորովին թողի, և թվում էր, թե ընդմիշտ։ Դրա համար եմ ասում, որ նամակդ մի կատարյալ սյուրպրիզ էր ինձ համար։