Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերահրատարակելով իմ այդ վիպակը, Պետհրատը, կարծում եմ, զուտ առևտրական տեսակետից անշահավետ գործ կատարած չի լինի, որովհետև հրատարակած կլինի համարյա թե մի նորություն — այն աստիճան փոփոխություններ եմ մտցրել գրվածքիս մեջ և, մյուս կողմից, այդ գրքույկի պահանջը մեծ է դպրոցներում և առհասարակ ընթերցող հասարակության մեջ, իսկ գրախանութներում և գրադարաններում չի ճարվում։

Նամակիցդ հետո, այժմ ես հարկադրված պիտի լինեմ վերանայելու իմ այդ գրվածքի վերամշակությունը, որ կատարել եմ 15 տարի սրանից առաջ (1913 թ.) և, երևի, նորանոր փոփոխություններ ու լրացումներ կմտցնեմ, իսկ այս ուրիշ կերպ չեմ կարող անել, եթե ոչ սկզբից մինչև վերջը արտագրելով գրվածքս (սա իմ հիվանդությունն է), որի համար հարկավոր կլինի ավելի կամ պակաս երկար ժամանակ։

Մի բան եմ ուզում խնդրել քեզ, սիրելի Ստեփան, Պետհրատն արդյոք չի՞ համաձայնի, որ «Սպանված Աղավնին» տպագրվի այստեղ Թիֆլիսում, իմ սրբագրությամբ և վերահսկողությամբ։ Այս մասին, որ խոսես այդտեղ ընկ. Մռավյանի կամ ում հետ որ հարկավոր է, շատ շնորհակալ կլինեմ։ Այս ասում եմ նրա համար, որ «Մեր թաղը» Երևանում հրատարակվեց անճաշակ արտաքինով և, մանավանդ, կոպիտ սխալներով։

Ուրախ եմ, որ հավանել ես «Լուսաբացում» տպված նոր վեպի մի քանի գլուխները։ Այդ հատվածը գրել եմ տեղիս գրողների Միության նախկին նախագահի համառ դրդումով, այսպես ասած՝ մի շնչում, «Լուսաբացի» №2-ին հասցնելու համար, և նրանից հետո չեմ շտապում, մանավանդ այն պատճառով, որ թերթի ամենօրյա սրբագրությունը անչափ հոգնեցնում է ինձ և ազատ ու հանգիստ ժամանակ չեմ գտնում։ Սրան ավելացրու և տարիքս (61)։ Նոր վեպիս ծրագիրն ընդարձակ է — պատերազմի շրջանը, պատերազմը, Փետրվարը, Հոկտեմբերը և այդ ամբողջ կատակլիզմի հետևանքները Խանբեկյանների համար։ Վախենում եմ տակից չկարողանամ դուրս գալ։

Առայժմ դրել և կիսատ եմ թողել սատիրայի պես մի բան, թե ի՛նչպես մի համեստ գործիչ, որ կյանքի մեջ իր ընկերների