Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նեղ շրջանից դուրս ոչ ոքի հայտնի չի եղել, մեռնելուց հետո հարություն է առնում և զարմացած իմանում, որ ինքը շատ մեծ մարդ է եղել (պանթեոն, ճառեր, հոդվածներ, արձան) ու որպեսզի իբրև «մեծ մարդ» էլ մնա ապագա սերունդների հիշողության մեջ, սուս ու փուս նորից գերեզման է մտնում։

Դու ի՞նչ ես անում, ինչո՞ւ քո նոր գրվածքներից ինձ ոչինչ չես ուղարկում։ Առայժմ այսքան։

Նար-Դոս


1929

121. ԱՌՍՏԱՄՅԱՆԻՆ

Հարգելի ընկ. Առստամյան.

Ձեր նամակին ի պատասխան ցավոք սրտի պիտի ասեմ, որ, հակառակ իմ ջերմ ցանկության, ձեր խնդիրքը չպիտի կարողանամ կատարել հետևյալ պատճառով. իմ գրվածքներից ինձ մոտ կա միայն մի-մի օրինակ, այն էլ ոչ բոլորից. ունեցածս օրինակներն էլ ինձ այս րոպեիս անհրաժեշտ են, որովհետև Հայաստանի Պետհրատի որոշման համաձայն պիտի հրատարակվի, ի միջի այլոց, և իմ երկերի ժողովածուն, և ես ներկայումս զբաղված եմ այդ ժողովածուի խմբագրությամբ։ Սա այնպիսի պատճառ է, որ հույս ունիմ, ձեզ չպիտի վշտացնի ձեր դիմումին բացասական պատասխան տալս։

Ինչ վերաբերում է գրվածքներիս մասին եղած քննադատականներին, ես կարող եմ ցույց տալ ձեզ միայն Արսեն Տերտերյանի գրքույկը «Նար-Դոսի ստեղծագործությունը» վերնագրով և Սուրխաթյանի «Հայ գրականության» երկրորդ հատորը։ Իսկ թե ուրիշ ինչ կա — չգիտեմ։

Հարգանքներով Նար-Դոս