Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1930

129. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1930. հունվարի 10. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Ստ․ Մալխասյանից ստացա «Կյանքի հեքիաթը»-դ։ Կարդացի։ Ինձ թվում է, թե պիեսը ձգձգված է։ Նուրիի տեսարանը ոչ մի բանով չի կապվում պիեսի բովանդակության հետ և խոչընդոտ է հանդիսանում գործողության անշեղ ընթացքին, այնպես որ հեշտությամբ կարելի է այդ տեսարանը դեն ձգել, իհարկե, եթե նկատի չես ունեցել տեսարանը մասսայականացնել և որոշ կենդանություն մտցնել։ Սևումին շատ մեծ ուժ ես հատկացրել, այնպես որ ամբողջ պիեսի մեջ համարյա թե կենտրոնական դեմք է հանդիսանում գյուղական այդ տիրացուն, քանի որ նրա մատի շարժումով են գործում բոլոր գլխավոր անձերը։ Թեև գյուղն ինձ ծանոթ չէ, բայց չեմ կարծում թե գյուղական մի տիրացու այդքան սատանայական ուժ ունենա և այնքան ծանոթ լինի «սուրբի գրքերին, որ ամեն մի խոսքի վրա մի-մի ցիտատ բերի այդ գրքերից։ Մանավանդ այժմյան ժամանակներում, երբ նույնիսկ ամենահետամնաց գյուղում տերտերն ու տիրացուն միանգամայն կորցրել են իրենց հեղինակությունը, հարգն ու պատիվը, այդպիսի մի տիպ պետք է որ աներևակայելի լինի։ Նույնը որոշ չափով կարելի է ասել Հուռիի մասին։ Վահանի և Մարիամի, Վահանի և Սևումի տեսարաններն ինձ հիշեցրին Օթելլոյի և Դեզդեմոնայի, Օթելլոյի և Յագոյի տեսարանները:

Ինձ թվում է, թե պիեսը բավական կշահեր և թեման ժամանակակից կդառնար, եթե Միքայելին և Մարիամին դուրս բերեր իբրև կոմերիտականներ, որոնք սիրո հողի վրա կռվում են հին հասկացողությունների և հնամոլների դեմ։ Միքայելի վերաբերմամբ պիեսի մեջ մի քանի ակնարկներ կան այդ մասին, բայց միայն ակնարկներ, որոնք աննկատելի են անցնում, մինչդեռ հենց այդ կետը պետք է կազմի ամբողջ պիեսի առանցքը։

Մի երկու խոսք էլ լեզվի մասին. մի՞թե գյուղացին գործ