Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ածում այսպիսի բառեր — տակավին, խոչընդոտներ, հանգամանքներ, հարուցանողներ, հարցը հասունանա, բռնակալ դիրք, մեկին ի մեկ, հոգեպես ճիվաղներ և այլն։

Այսքանը։ Հիմա ի՞նչպես կուզես, որ պիեսդ ետ ուղարկեմ քեզ — փոստո՞վ թե մարդու ձեռքով։ Գրիր։

«Սպանված աղավնու» հոնորարն ստացա։ Եթե մտնես Պետհրատ, հայտնիր իմ դժգոհությունը. Ստ. Զորյանին, որի ձեռքով ուղարկել էի իմ այդ վեպը, պաշտոնապես հայտնել էին, թե կվճարեն մամուլին 80—100 ռ. մինչդեռ հոնորարն ինձ ուղարկել են մամուլին 75 ռուբլու հաշվով, այն ինչ հույս ունեի, որ 100 ռ. պակաս չէին հաշվի, քանի որ երկրորդ հրատարակությունը հնի կրկնությունը չէ, այլ համարյա բոլորովին նոր բան։ Ինչևէ։

Կինս մի ամբողջ ամիս հիվանդանոցում պառկելուց հետո շուտով տուն կդառնա առանց որևէ փոփոխության։ Այդպես է ժամանակակից բժշկությունը։

Не было печали, черти накачали...

Մախլաս։

Բարևներ կնոջդ և աղջկադ։
Քո Նար-Դոս


125. [Դ. ՎԱՆԱՆԴԵՑՈԻՆ]

Այս նամակը պետք է գրեի Չարենցին, բայց որովհետև ինձ ասացին, որ Չարենցը Մոսկվա է գնացել և նրան դուք եք փոխարինել Պետհրատի մեջ, ուստի ձեզ եմ գրում։ Բանն այն է, որ ես, որքան հիշում եմ, դեռևս հունիս ամսին ուղարկել եմ Պետհրատին Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» վեպի իմ թարգմանությունը, որ կատարել եմ իրեն իսկ Պետհրատի պատվերով։ Կանխավճար ստացել եմ 250 ռ․։ Այժմ նյութական դրությունս այնքան սուղ է, որ ստիպված եմ դիմելու ձեզ...

<Նար-Դոս>