Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ։ Սա այնքան ծանր է ինձ համար, որ չեմ ուզում երկարացնել այս մասին։ Վերջ։

Բայց դու իզուր ես այդքան արհամարհանքով նայում մեր երիտասարդ գրողների վրա և «կյանքի փրփուր» համարում նրանց։ Ինչ կարծիք էլ որ ունենանք նրանց մասին մենք, հներս, համենայն դեպս ներկան նրանցն է և ապագա գրականության տերն էլ նրանք են լինելու։

Գալով Հասմիկի գործին, ես, իհարկե, էլ բան չունիմ գրելու, բացի իմ եղբայրական շնորհակալությունից կրածդ նեղության համար։ Առանձնապես շնորհակալություն են հայտնում քեզ ինքը Հասմիկը և կինս։

Քո Նար-Դոս


130. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1931. փետրվարի 16. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Նամակս գրում եմ շտապ։ Այս րոպեիս ինստիտուտումն էի. ասացին, որ ցուցակն ստացվել է, բայց աղջկաս անունը չկա մեջը։ Չհավատացի, ինքս իմ աչքով նայեցի, իսկապես ոչ № 16-ի և ոչ մյուս համարների տակ չկար Հովհաննիսյան Հասմիկ ազգանունը, կար միայն, կարծեմ № 27-ի տակ, Овакимян Асмик дочь специалиста և այն էլ Овакимян ազգանունը կարմիր թանաքով ուղղված, այսինքն մեքենայով գրված է եղել երևի Ованесян և հետո ուղղել դարձրել են Овакимян. երբ այս ուղղումի մասին ես կասկած հայտնեցի, ասացին, որ իրենք ունեն այդպիսի անուն ազգանունով (Овакимян Асмик) աշակերտուհի։

Հիմա շատ եմ խնդրում քեզ, մտիր Հողժողկոմատի կադրերի բաժինը, պարզիր այս թյուրիմացությունը և եթե իսկապես թյուրիմացություն է, այդ մասին իրենց կողմից շտապ կերպով հայտնեն ինստիտուտին, այլապես մեր այսքան չարչարանքը ջուրը պիտի թափվի։ Շուտով պարապմունքները պիտի սկսվեն և Հասմիկս դուրսը պիտի մնա. հետո ինչ —