Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

134. ԱՐԱՄ ԻՆՃԻԿՅԱՆԻՆ

1931. հունիսի 5. Թիֆլիս.

Սիրելի երիտասարդ ընկ. Ինճիկյան

Ձեր մայիս 25 թվակիր նամակն ստացա։ Իզուր եք կարծում, թե Ձեզ չեմ ճանաչում. ես Ձեզ շատ լավ եմ ճանաչում. ճանաչում եմ ինձմով, երբ ես Ձեր տարիքումն էի, երբ ես ևս Ձեր նման «անսահման» սեր էի տածում դեպի գրականությունը և խոր պատկառանք դեպի գրականության արժանավոր ներկայացուցիչները»։ Սրանք Ձեր խոսքերն են, և այսքանն էլ բավական է, որ ես լիովին ճանաչեմ Ձեզ և հասկանամ Ձեր ապրումները, մտորումներն ու տենչանքները։

Դուք, ինչպես երևում է Ձեր նամակի վերջից, ոտանավորներ եք գրում։ Ես էլ Ձեր հասակում ոտանավոր էի գրում, բայց հետո թողի։ Դուք էլ վատ չեք անի, եթե թողնեք այդ ձևը. ոտանավոր գրողներ այնքա՜ն կան որ... ոտանավոր գրելը որքան հեշտ, նույնքան և դժվար բան է։ Բացառիկ տաղանդ է հարկավոր քիչ թե շատ հայտնի բանաստեղծ դառնալու համար։ Դիմեցեք արձակագրության, որը, իհարկե, նույնպես հեշտ բան չկարծեք, բայց դեպի գրականությունը տածած Ձեր այդքան բուռն սիրով թերևս կարողանաք Ձեզ համար որոշ ուղի հարթել դեպի Ձեր տենչանքների իրականացումը։ Շնորհակալություն Ձեր շնորհավորանքների համար։

Նար-Դոս


1932

135. ԽՈՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

1932. հունվարի 31. Թիֆլիս.

Հարգելի ընկ. Սարգսյան.

Ձեր դեկտեմբերի 29 թվակիր նամակը, որով հայտնում եք ձեռագրերիս ստացման մասին, ստացել եմ իր ժամանակին։ Շնորհակալություն Ձեր զեկուցման համար, որ տվել