Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

139. ԳԱՐԵԳԻՆ ԲԵՍԻՆ

1932. 16 նոյեմբերի. Թիֆլիս.

Հարգելի ընկ. Բես

Այսօր պատվիրած փաթեթով պոստին հանձնեցի 2-րդ հատորի նյութերից «Սպանված աղավնին» և «Պայքարը», իսկ «Զազունյանը» Ձեզ մոտ է: Խնդրում եմ ստացման և այն մասին, թե հատորը երբ կհանձնվի տպագրության, մի երկտողով իմաց տալ ինձ։ Խնդրում եմ նույնպես, որ «Սպանված աղավնին» շարել տաք իմ ուղարկած օրինակից, որովհետև տպագրության ժամանակ սպրդած մի երկու կոպիտ սխալներ այդ օրինակի մեջ ուղղված են։ Այդ սխալներն են, «Счастливые часов не соблюдают, պետք է լինի՝ Не наблюдают. սրանք Գրիբոեդովի խոսքերն են «Горе от ума»-ից» «Դու ասում ես շնորհակալություն», պետք է լինի «շնականություն»։

3-րդ հատորի նյութը — «Մահը» կուղարկեմ հենց որ ձեզնից պատասխան ստանամ։

Խնդրածս և Ձեր խոստացած դրամը մինչև օրս դարձյալ չստացա։ Ինչ դժվար բան է եղել Պետհրատի համար մի քանի հարյուր ռուբլի ուղարկել մի հիվանդ գրողի, այն էլ ոչ թե իբրև նվեր, այլ իբրև ավանս հոնորարի հաշվին...

Հարգանքերով Նար-Դոս


140. ԳԱՐԵԳԻՆ ԲԵՍԻՆ

1933. 5 մարտի. Թիֆլիս.

Հարգելի ընկ. Բես

Մոտ 1½ ամիս ես հիվանդ եմ և մի շաբաթ է, որ ինձ փոխադրել են հիվանդանոց օպերացիայի համար (պլևրիտ)։ Նամակս գրում եմ հիվանդանոցից։

Չգիտեմ երկերիս ժողովածուի 1-ին հատորը լույս տեսա՞վ թե ոչ, բայց դրությունս այնքան ծանր է, որ դրանով այժմ շատ էլ չեմ հետաքրքրվում։