Երբ վաստակած այս երկրային անվերջ ծանր հոգսերից
Քո վեհ հոգին ընդմիշտ արդեն կըբաժանվե քո մարմնից,
Եվ խիստ տանջված երբ մարմինդ հանգիստ կառնե հավիտյան
Սև հողի մեջ, ուր դառնաթյունք, վիշտ ու հոգսեր բնավ չըկան,—
Հայնժամ լցված ջերմ եռանդով կըմոտենամ քո շիրմին
Եվ խիստ զգացված ես բաց գլխով ծունկ կըչոքեմ նրա հողին։
Եվ չեմ լա ես. արցունքներս չեն ողողիլ բնավ նորան,
Այլ կ'աղոթեմ, կ'աղոթեմ ես անլաց աչոք, լուռ, անձայն,
Եվ աղոթքս անկեղծ կլինի, անկեղծ, որպես մի սուրբ սեր,
Եվ նորա մեջ հիշված կլինին անթիվ բարի քո գործեր։
Եվ դառնությամբ միտ կբերեմ դաժան ու չար ես մարդկանց,
Որոնք նույնպես, ինչպես և դու, հող կըմտնին վաստակած։
Բայց ոչ այդպես մաքուր հոգով, այլ ծանրացած մեղքերով,
Եվ բյուրավոր անեծքներով պատած, բարդված անունով։
2 մարտի 1886.
ՈՒԽՏ
(Նմանողություն Օմուլևսկիի)
Այն օրից արդեն, երբ ճանաչեցի
Կեղծավոր, երկդեմ մարդկանց անարդար,
Երդումով ինձ վրա ես ուխտ դրեցի
Էլ բնավ ոչոքին սիրտս չըբանալ.
Զի պետք է, որ ես դեռ լավ պահպանեմ
Հենց նորանց համար իմ սիրտը արձակ,
Որի մեջ ուժեր թարմ ես զգում եմ,
Որոնց գործադրել ունիմ նպատակ։