Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ 13
Լիզա, մտնում է Սաշան:

ՍԱՇԱ.— Հը, ուղարկեցի՞ր։

ԼԻԶԱ.— (Գլխով դրական շարժում է անում):

ՍԱՇԱ.— Եվ նա համաձայնե՞ց։

ԼԻԶԱ.— Իհարկե։

ՍԱՇԱ.— Ինչո՞ւ նրան։ Չեմ հասկանում։

ԼԻԶԱ.— Հապա ո՞ւմ։

ՍԱՇԱ.— Բայց դու գիտես, որ նա սիրահարված է քեզ վրա։

ԼԻԶԱ.— Այդ ամենը կար և անցավ։ Բայց ո՞ւմ ես ուզում, որ ես խնդրեի։ Ի՞նչ ես կարծում, նա կվերադառնա՞։

ՍԱՇԱ.— Ես հավատացած եմ, որովհետև...


ՏԵՍԻԼ 14
Նույնք և Աննա Պավլովնա: (Մտնում է Աննա Պավլովնան: Սաշան լռում է):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Իսկ Վիկտոր Միխայլովիչը ո՞րտեղ է։

ԼԻԶԱ.— Գնաց։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչպես թե գնաց։

ԼԻԶԱ.— Ես խնդրեցի նրան, որ խնդիրքս կատարի։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ խնդիրք։ Դարձյա՞լ գաղտնիք։

ԼԻԶԱ.— Գաղտնիք չէ,այլ պարզապես խնդրեցի, որ իր ձեռքով հանձնի նամակը Ֆեդյային։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ֆե՞դյային։ Ֆեոդր Վասի՞լևիչին:

ԼԻԶԱ.— Այո՛, Ֆեդյային...

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ես կարծում էի, թե ձեր միջև բոլոր հարաբերությունները վերջացած են։

ԼԻԶԱ.— Ես չեմ կարող բաժանվել նրանից։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչպես, ամեն բան ուզում ես սկսել նորի՞ց։

ԼԻԶԱ.— Ուզում էի, աշխատում էի, բայց չեմ կարող։ Ինչ ուզում եք, կանեմ, միայն թե չբաժանվեմ նրանից։