Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի զուր ծաղկում, փթթում եք
Հեռի մարդկանց հայացքից,
Չի օգտըվում մարդը երբեք
Ձեր քաղցր, անուշ բուրմունքից։

— Սխալվում ես դու, պատանի՛,
Մենք անօդուտ չենք ծաղկում,
Դու ի՞նչ գիտես, որ ավելի
Մեծ դերը մենք չենք խաղում։—

Նայի՛ր այնտեղ — փոքրիկ գյուղում
Խրճիթի մեջ կիսաքանդ
Մի կույր աղքատ ծեր է ապրում
Փոքրիկ աղջկա հետ անբախտ։

Այդ աղջիկը նորա թոռն է
Ծնողներից վաղ զրկված.
Պապը նորան շատ սիրում է,
Իսկ երկնքումը — աստված։

Երբ արշալույսն առավոտյան
Նոր է ծագում երկնքում
Եվ թռչունները վաղորդյան
Նոր են երգերն սկսում.

Երբ վաղորդյան մարգարտահատ
Փայլուն ցողը զովարար
Դողդողում է մեղմիկ, հանդարտ
Թերթերնիս վրա հյուրընկալ.—

Հայնժամ սիրուն որբը փոքրիկ
Դուրս է գալիս խրճիթից
Եվ քայլերը փոքրիկ, հեզիկ
Դեպ մեզ ուղղում ցնծալից։

Նա յուր փոքրիկ մատիկներով
Մեզ պոկում է, հոտ առնում,
Ապա նստում ու երգելով
Մեզնից փնջեր է կազմում։