Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհանգստացնեք։ Շնչափողին քսել հարկավոր չէ։ Սենյակի մեջ ջերմաստիճանը պահեցեք...

ԼԻԶԱ.— Իսկ եթե նորից խեղդվելիս լինի՞։

ԲԺԻՇԿ.— Չպետք է որ խեղդվի։ Եթե խեղդվելիս լինի,— պոլվերիզացիա։ Եվ, բացի դրանից, փոշի, առավոտյան մեկը և երեկոյան մյուսը։ Ես իսկույն կգրեմ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Թեյ չէի՞ք կամենա, բժիշկ։

ԲԺԻՇԿ.— Ոչ, շնորհակալ եմ, հիվանդներս սպասում են։ (Նստում է սեղանի մոտ):

(Սաշան թուղթ ու թանաք է բերում):

ԼԻԶԱ.— Ուրեմն, հաստատ, կրուպ չէ՞։

ԲԺԻՇԿ (ժպտալով).— Ամենևին։ (Գրում է):

(Աննա Պավլովնան կանգնած է բժշկի մոտ):

ԿԱՐԵՆԻՆ (Լիզային).— Դե այժմ թեյ խմեցեք, կամ թե, ավելի լավ է, գնացեք հանգստացեք, թե չէ՝ մեկ նայեցեք ինչ եք դառել։

ԼԻԶԱ.— Այժմ ես վերակենդանացա։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ա՛յ, ճշմարիտ բարեկամ։ (Սեղմում է նրա ձեռքը):

(Սաշան զայրացած գնում է բժշկի մոտ):

ԼԻԶԱ.— Շնորհակալ եմ, բարեկամս։ Ահա թե որտեղ է թանկ օգնությունը։

ԿԱՐԵՆԻՆ.— Ի՞նչ եմ արել որ։ Շնորհակալություն հայտնելու բան չկա։

ԼԻԶԱ.— Հապա ո՞վ էր, որ գիշերները չէր քնում, ո՞վ բերեց այս հռչակավոր բժշկին։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես արդեն վարձատրված եմ նրանով, որ Միկային այլևս վտանգ չի սպառնում, և, գլխավորապես ձեր բարությամբ։ (Լիզան նորից սեղմում է նրա ձեռքը և ծիծաղում, ցույց տալով ձեռքին մնացած դրամը):

ԼԻԶԱ (ժպտում է).— Այս բժշկի համար է։ Միայն չգիտեմ ինչպես տամ։

ԿԱՐԵՆԻՆ.— Դե, ես էլ չեմ կարող։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ չես կարող։

ԼԻԶԱ.— Փողը տալ։ Նա ինձ համար ավելի քան