Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է այն մարդկանցից, որոնց մասին ասում են՝ ինքն է միայն իր թշնամին։ Բայց նա ավելի շատ կնոջն է թշնամի։ Նա մի թույլ, բոլորովին ընկած, հարբած մարդ է։ Նա վատնել է իր ամբողջ կարողությունը, կնոջ ամբողջ կարողությունը,— կինը երեխա ունի... Ուրեմն ի՞նչպես եք դատապարտում մի կնոջ, որ թողել է այդպիսի մի մարդու։ Եվ այն էլ կինը չէ, որ թողել է, այլ նա է թողել կնոջը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ա՜խ, ի՜նչպիսի ցեխ, ինչպիսի ցե՛խ։ Եվ ես պետք է կեղտոտվեմ այդ ցեխի մեջ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ ձեր կրո՞նը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, այո, ներում։ «Ինչպես և մեք թողումք մերոց պարտապանաց»։ MaiS c'est plus fort que moi[1]։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դե, ի՞նչպես ապրի այդպիսի մի մարդու հետ: Եթե ուրիշ մարդու սիրելիս էլ չլիներ, պետք է այդպես աներ։ Ամուսինն ինքը խելոք և բարի մարդ է, քանի որ խորհուրդ է տալիս կնոջն այդպես անել...

ՏԵՍԻԼ 4

Աննա Դմիտրիևնա, իշխան Աբրեզկով, մտնում է Կարենինը, համբուրում է մոր ձեռքը, բարևում է իշխան Աբրեզկովին:

ԿԱՐԵՆԻՆ.— Մամա՛, ես եկա ասելու ձեզ, որ Ելիզավետա Անդրեևնան իսկույն կգա, և ես խնդրում եմ, աղաչում եմ ձեզ միայն մի բան. եթե շարունակում եք անհամաձայն մնալ, որ ես ամուսնանամ...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ (ընդհատելով նրան).— Իհարկե, շարունակում եմ անհամաձայն մնալ։

ԿԱՐԵՆԻՆ (շարունակելով խոսքը և հոնքերը կիտելով).— ...ապա խնդրում եմ, աղաչում եմ ձեզ մի բան. մի՛ խոսեք ձեր անհամաձայնության մասին, բացասական վճիռ մի՛ տաք։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ․— Ես կարծում եմ, որ այդպիսի ոչ մի բանի մասին չենք խոսելու։ Ես, գոնե, ինքս չեմ սկսի երբեք։

  1. Բայց այս իմ ուժերից վեր է։