Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐԵՆԻՆ․— Նա ինքը առավել ևս։ Ես կկամենայի միայն, որ դուք ճանաչեիք նրան։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ․— Չեմ կասկածում մի բան. կենդանի ամուսին ունեցող տիկին Պրոտասովայի հետ ամուսնանալու ցանկությունդ ի՞նչպես ես հաշտեցնում կրոնական այն համոզումներիդ հետ, որ ապահարզանը հակառակ է քրիստոնեության։

ԿԱՐԵՆԻՆ.— Մամա՛, այդ անգթություն է ձեր կողմից։ Մի՞թե մենք ամենքս այնքան անսխալական ենք, որ չենք կարող հակառակ գնալ մեր համոզումներին, երբ կյանքն այսքան բարդ է։ Մամա՛, ինչո՞ւ դուք այդպես անգութ եք դեպի ինձ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես սիրում եմ քեզ, ուզում եմ, որ բախտավոր լինես։

ԿԱՐԵՆԻՆ (Աբրեզկովին).— Սերգեյ Դմիտրիևիչ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իհարկե, դուք սրան բախտավորություն եք ցանկանում, բայց մենք ծեր հասակում արդեն դժվարությամբ պիտի հասկանանք երիտասարդությանը։ Մանավանդ դժվարությամբ պիտի հասկանա մայրը, որ սովորել է մտածել որդու բախտավորության մասին։ Բոլոր կանայք այդպես են։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ա՛յ, ա՛յ, ես էլ հենց ա՛յդ եմ ասում։ Ամենքն իմ դեմ են։ Իհարկե, դու կարող ես անել այդ։ Vous etes majeur...[1] Բայց դու կկործանես ինձ։

ՎԻԿՏՈՐ.— Չեմ հասկանում ձեզ։ Այդ անգթությունից էլ վատ է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (Վիկտորին).— Բավական է, Վիկտոր։ Մամա՛ն միշտ ավելի վատ է խոսում, քան գործում է։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես կասեմ, ինչ որ մտածում և զգում եմ, և կասեմ, առանց վիրավորելու նրան։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Անշուշտ այդպես էլ կլինի։

  1. Դուք չափահաս եք։